Չեխիայում կարող են հիմնել L-39 ինքնաթիռի նոր մոդիֆիկացիայի արտադրություն

Չեխական Aero Vodochody ընկերությունը դիտարկում է L-39 Albatros (Լ-39 Ալբատրոս) ուսումնամարտական ինքնաթիռների արտադրության վերականգնման հնարավորությունը։ Ընդ որում, նախատեսվում է բազային ինքնաթիռի հիման վրա ստեղծել դրա նոր մոդիֆիկացիան, որը կստանա L-39NG (Next Generation, հայերեն՝ հաջորդ սերունդ) անվանումը։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

L-39NG ինքնաթիռի ցուցապատկեր

L-39NG ինքնաթիռի ցուցապատկեր

Ընկերությունում վստահ են, որ սահմանափակ ռազմական բյուջե ունեցող երկրների համար L-39NG ինքնաթիռը լավագույն լուծումն է, որ կարելի է կիրառել օդաչուների վերապատրաստման համար։

Aero Vodochody-ի փորձագետներն անցկացրել են նաև հետազոտություն, որի արդյունքում եկել են եզրակացությանը, որ Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ, որոնք ներկայումս շահագործում են L-39 ինքնաթիռը, տեսականորեն կարող են դառնալ դրա նոր մոդիֆիկացիայի գնորդը։ Հայտնի է նաև, որ ի տարբերություն իր նախորդին, L-39 NG–ն կհամալրվի արդիական տեխնոլոգիաներով, կպարզեցվի բորտ-էլեկտրոնային համակարգը, ինչը էականորեն կհեշտացնի ինքնաթիռի շահագործումն ու սպասարկումը։

Նկատենք, սակայն, որ Aero Vodochody ընկերությունն արդեն ավելի քան 10 տարի ինքնաթիռներ չի արտադրել ու այս նախագիծը, փաստացի, բավական կարևոր նշանակություն ունի չեխական ավիաարտադրողի վերածննդի առումով, եթե այն, իհարկե, հնարավոր լինի կյանքի կոչել։

L-39 Albatros ուսումնամարտական ինքնաթիռը շահագործման է ընդունվել 1972 թվականին՝ այն ժամանակ դեռևս Չեխոսլովակիայի ռազմաօդային ուժերում։ Ինքնաթիռն արտադրել են մինչև 1999 թվականն ու այդ ընթացքում շահագործման հանձնել շուրջ 2 800 օրինակ, որոնք արտահանվել են աշխարհի ավելի քան 30 երկիր՝ այդ թվում նաև Հայաստան։ Ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 750 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 11 000 մետր է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *