ՌԴ-ն կարող է վերսկսել Կուբայում տեղակայված հետախուզական կենտրոնի շահագործումը

13 տարի տևած դադարից հետո Ռուսաստանը կարող է վերականգնել իր ներկայությունը Կուբայում տեղակայված ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոնում, ինչը հնարավորություն կտա վերահսկել ԱՄՆ հարավային ափերի զգալի շրջանների հեռահաղորդակցման մի շարք միջոցներ։ Այս մասին հայտնում է ռուսատանյան «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում անելով Կրեմլի իր աղբյուրներին։

Ռադիոհետախուզության կենտրոնը Կուբայում

Ռադիոհետախուզության կենտրոնը Կուբայում

Դեռևս խորհրդային տարիներից գործող հետախուզական կենտրոնի շահագործումը Ռուսաստանը դադարեցրեց 2001-ին՝ բավարար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Այդ հարցում զգալի դեր խաղացին նաև ԱՄՆ-ի ճնշումները, քանի որ սեփական ափից շուրջ 250 կմ հեռավորության վրա տեղակայված կենտրոնը, բնական է, որ զգալի վտանգ էր ներկայացնում այդ երկրի ազգային անվտանգությանը։

Այժմ սակայն, փոխվել են Մոսկվայի ռազմավարական մոտեցումներն ու Հավանայի հետ ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ, հետախուզական կենտրոնի աշխատանքները կարող են վերականգնվել։ Նկտաենք սակայն, որ դեռևս ստույգ հայտնի չէ, թե որքան ժամանակ ու ֆինանսական ինչ միջոցներ կպահանջվեն դրա համար։

Նշենք, որ խորհրդային տարիներին կենտրոնի ապասարկումն իրականացնում էր շուրջ 3 000 զինծառայող, 1990-ականների սկզբին նրանց թիվը դարձավ 1 500, իսկ հաշվի առնելով այս ժամանակահատվածում գիտության և տեխնիկայի զգալի առաջընթացը, միևնույն մակարդակի շահագործումը կպահանջի անհամեմատ քիչ թվով անձնակազմ։

Հավելենք, որ Կուբայում տեղակայված ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոնը Խորհրդային Միության նմանատիպ խոշորագույն օբյեկտներից մեկն էր պետության սահմաններից դուրս։ Կենտրոնի հայթայթած տեղեկություններն օգտագործում էին ինչպես ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչությունն, այնպես էլ հակահետախուզության ծառայությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *