Ուկրաինայի հարավ-արևելքում նոր թափով շարունակվում են բախումներն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև, որոնք վերջին շրջանում առավելություն են ստացել` գրավելով Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքները, առաջանալով Լուգանսկի և Դոնեցկի ուղղությամբ, որտեղ էլ ծավալվում են հիմնական գործողությունները։
Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։
21:15-Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հուլիսի 16-ին մարտական առաջադրանք կատարելիս խոցվել է ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհիչ։ Օդաչուին հաջողվել է բարեհաջող վերադառնալ ավիաբազա։ Հիշեցնենք, սակայն, որ ապստամբները հայտարարում էին 2 միավոր խոցված ինքնաթիռի մասին
20։35-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն լրատվամիջոցներին հայտնել է, որ հարավ-արևելքում ռազմական դրություն սահմանել իշխանությունները դեռևս չեն պատրաստվում։
19։50-Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ հակաահաբեկչական գործողություններում ներգրավված ստորաբաժանումներին օգնելու նպատակով Դոնբաս է մեկնում նոր շարասյուն՝ համալրված զրահատեխնիկայով, զինծառայողներիով ու անհրաժեշտ զինամթերքով։
18։30-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության թվիթերյան միկրոբլոգում հայտնվել է հաղորդագրություն, որում ասվում է, որ ապստամբները Մարինովկա սահմանային անցակետի շրջանում անցել են հարձակման կառավարական ուժերի դեմ։ Նշվում է, որ մարտերում կիրառվում է նաև զինտեխնիկա։
17:40”Ապստամբները հայտարարել են, թե Դոնեցկի շրջանում իրենց հաջողվել է խոցել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ևս 2 ինքնաթիռ։ Նրանք նշել են, որ խոցվածները եղել են Սու ինքնաթիռներ, սակայն չեն հստակեցրել դրանք Սու-25 գորհիչներ էին, թե Սու-24 ռմբակոծիչներ, որոնք ուժայինները ևս կիրառում են ապստամբների դիրքերի ռմբակոծության նպատակով։
17:00-Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ուկրաինական տարբերանշանով ամերիկյան UH-1 ուղղաթիռները թռիչք են կատարում Դնեպրոպետրովսկ քաղաքի երկնքում։ Նկատենք, որ նախկինում այս ուղղաթիռները Ուկրաինայի ավիապարկում չեն եղել։ Հարկ է նշել նաև, որ օրեր առաջ ապստամբները տեղեկություն էին տարածել, թե Դոնեցկի երկնքում տեսել են 4 միավոր ամերիկյան AH-64 Apache հարվածային ուղղաթիռ։ Այս տեղեկությունը հավաստող որևէ ապացույց սակայն դեռևս չկա։
16:10-Դեռևս չհաստատված լուրեր են տարածվում այն մասին, որ մահափորձ է կատարվել ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի նկատմամբ։ Ուկրաինական «Ունիան» գործակալության հաղորդմամբ, մահափորձը կատարվել է հակաահաբեկչական գործողության գոտում։ Ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, թե չորեքշաբթի օրը կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ կհայտնի դեպքի մանրամասները, սակայն անսպասելիորեն բոլորի համար, մամուլի այդ ասուլիսը վերջին րոպեներին չեղյալ է համարվել։
15:25-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունը ողջ շրջանի տարածքում սահմանել է պարետային ժամ, իսկ այն քաղաքներում, որտեղ իրավիճակը համեմատաբար լարված է՝ ռազմական դրություն։
14։50- Դոնեցկի միջազգային օդանավակայանի կապի աշտարակը պայթեցվել է, տեղեկացնում են ուկրաինական աղբյուրները։ Ըստ աղբյուրների՝ ապստամբները պայթեցրել են այն, որպեսզի ուկրաինական կողմը չկարողանա օգտագործել այն ռազմական գործողությունների ընթացքում։
13։00- Լուգանսկի ապստամբները չեն պատրաստվում ազատել Ան-26 ինքնաթիռի անձնակազմը, որոնց գերի են պահում։ Ըստ աղբյուրների՝ ապստամբները փորձելու են փոխանակել նրանց ուկրաինական կողմի մոտ գերի պահվող ապստամբների հետ։
11։00- Դոնեցկում և Լուգանսկում ապստամբների սպառազինություն նկատվել է 122 մմ 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբից։ Մինչ այդ ապստամբներն օգտագործում էին քարշակվող Դ-30 հաուբիցներ։
10։52- Ուկրաինայի ազգային գվարդիան հայտարարել է, որ ապստամբները գրոհ են սկսել Ստեպանովկա բնակավայրի ուղղությամբ (Դոնեցկի շրջան)։ Առավոտյանբ մարտեր էին ընթանում բնակավայրի մոտակայքում։
10։50- Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններն ուկրաինացի ուժայիններին տվել են «ահաբեկիչ» բնորոշումը։ Ինքնահռչակ շրջանների «խորհրդարանները» նման որոշում են կայացրել։
10։30- Դոնեցկի ապստամբները տեղեկացրել են, որ պատրաստ են 14 գերիներին փոխանակել ուկրաինական կողմում պահվող իրենց գերիների հետ։ Դեռ հայտնի չէ, թե ինչպես է առաջարկին արձագանքել ուկրաինական կողմը։