Իսրայելի վարչապետի ներկայացուցիչ Օֆիր Հենդելմանի խոսքերով՝ եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չընդունի Եգիպտոսի՝ կողմերի բանակցելուն ուղղված առաջարկը, ապա Իսրայելը շարունակելու է գործողությունը Գազայի հատվածում։
Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հավաստիացրել են՝ Եգիպտոսից որևէ նախաձեռնության մասին տեղեկություն չեն ստացել, իսկ եթե անգամ ստանային, ապա «կրակի դադարեցման ցանկացած առաջարկ իրականում իր ենթատեքստում ունի ՀԱՄԱՍ-ին Իսրայելի առջև ծնկի բերելու միտում»։
Միաժամանակ հայտնի է դարձել, որ վերջին օրերի գործողությունների ընթացքում առաջին իսրայելցի խաղաղ բնակիչն է սպանվել հուլիսի 15-ին։ Մահվան պատճառը, համաձայն իսրայելական կողմի, Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հերթական հրթիռն է։ Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ երեկ՝ մեկ գիշերվա ընթացքում, Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում պաղեստինցիների 25 օբյեկտների։ Դրանց թվում են հրթիռների արձակման քողարկված 8 կայաններ, հրթիռների 2 արտադրամաս։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել է՝ հարված են հասցրել նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի՝ Պաղեստինի նախկին արտգործնախարար Մահմուդ ազ-Զահարայի տանը, որը տեղակայված է Գազայի հատվածի արևմուտքում։
Բացի այդ, իսրայելական կողմի տվյալներով՝ հեռախոսազանգերի, կարճ հաղորդագրությունների, թռուցիկների միջոցով իրենք կոչ են արել Գազայի հատվածի սահմանային շրջանների բնակիչներին, որոնք թիվը մոտ 100 հազար է, հեռանալ իրենց տներից դեպի ավելի ապահով տեղ։ Իսրայելի պնդմամբ՝ նման քայլը ուղղված է «խաղաղ բնակիչների շրջանում զոհերից խուսափելու ձգտմամբ»։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի գործողության մեկնարկից մինչ օրս Գազայի հատվածում մահացել է 202 հոգի, վիրավորվել են 1.3 հազարը։ Իսրայելը Գազայում խոցել է 1.5 հազար թիրախ։
Նշենք նաև, որ Իսրայելի վարչապետը ստեղծված լարված իրավիճակում պաշտոնից հեռացրել է երկրի պաշտպանության նախարարի տեղակալ Դանի Դանոնին։ Այս քայլի հանգամանքները չեն հստակեցվել, սակայն հայտնի է, որ Դանոնը վարչապետի վարած արտաքին քաղաքակության հիմնական քննադատողներից էր։
Հավելենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 8-ին հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։
Ըստ փորձագետների՝ Իսրայելի ակտիվությունը կապված է 3 իսրայելցի պատանիների սպանության հետ։ Հունիսի 12-ին նրանց առևանգել էին, Իսրայելը նույն օրն առևանգման պատասխանատու էր հայտարարել ՀԱՄԱՍ-ին։ Ավելին, հունիսի 26-ին Իսրայելի անվտանգության համընդհանուր ծառայությունը հրապարակել էր ՀԱՄԱՍ-ի 2 ակտիվիստների լուսանկարները և տվյալները, որոնք, ըստ իսրայելական կողմի, մեղավոր են առևանգման հարցում։
Օրեր անց պատանիների դիերը հայտնաբերել էին Հորդանան գետի արևմտյան ափին՝ Հևրոն քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում։ ՀԱՄԱՍ-ը հերքել է, թե իր անդամները որևէ առնչություն ունեն պատանիների սպանության հարցում։
Այնուհանդերձ, Իսրայելի ուժայիններն այդ օրվանից ի վեր մի շարք գործողություններ էին իրականացրել, որոնք արդյունքում ձերբակալվել է 400 արաբ, որոնց շարքում են ՀԱՄԱՍ-ի անդամներ, պաղեստինցի քաղաքական գործիչներ։
Բացի այդ, ձերբակալվել էին 57 պաղեստինցիներ, որոնց 2011-ին ազատ էին արձակել իսրայելցի առևանգված զինծառայող Հիլադ Շալիթի ազատման դիմաց։ Իսրայելի զինծառայողներն այս ընթացքում խուզարկել էին մոտ 3 հազար շինություններ, այդ թվում՝ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակներ։