Վարժանքներ ՌԴ զինված ուժերում՝ միջմայրցամաքային հրթիռների 10 գնդի ներգրավմամբ

ՌԴ զինված ուժերի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի Կենտրոնական և Արևմտյան ռազմական օկրուգների ստորաբաժանումները, որոնք սպառազինված են Տոպոլ, Տոպոլ-Մ և Յարս միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով, մեկնարկել են հատուկ վարժանքներ, որոնց հիմքում դրված է մարտական հերթապահության կատարումը օպերատիվ լարված իրավիճակում։ Այս մասին ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Եգորովը։

Տոպոլ Մ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

Տոպոլ Մ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

Վարժանքներում ներգրավված է Կենտրոնական և Արևմտյան ռազմական օկրգուգներում տեղակայված ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի (ՌՆՀԶ) 10 գունդ։

Առաջին անգամ կիրառվում է սցենար, որը ենթադրում է Տոպոլ և Տոպոլ-Մ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և դրանց քարշակների 32-օրյա անընդմեջ պարեկություն նախանշված երթուղով։ Լինելու է նաև փոխգործակցություն մի շարք այլ ստորաբաժանումների՝ այդ թվում հակադիվերսիոն խմբերի հետ, որոնց առջև դրված է լինելու խնդիր՝ ապահովել հրթիռային գնդերի տեղակայման հատվածի անվտանգությունն, ինչպես նաև հայտնաբերել պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերն ու չեզոքացնել դրանք։

Հարկ է նշել, որ առաջին անգամ ՌԴ ԶՈւ հակադիվերսիոն ստորաբաժանումները գործնականում կիրառելու են Թայֆուն-Մ հակադիվերսիոն մարտական մեքենաները, որոնք համալրված են նաև հետախուզական անօդաչու թռչող սարքերով։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ 2014-ին ՌՆՀԶ-ն կանցկացնի շուրջ 40 շտաբային ու 20 հրամանատարաշտաբային վարժանք, ինչպես նաև 10 հրամանատարաշտաբային և 50 մարտավարական զորավարժություն։ Վարժանքների և զորավարժությունների շրջանակներում միայն ընթացիկ տարում նախանշված է միջմայրցամաքային տարբեր հրթիռների ուսումնական 12 արձակում։

Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով օժտված Տոպոլ-Մ հրթիռային համալիրը ՌԴ զինված ուժերում սպառազինության է ընդունվել 1997 թվականին։ Ավելի քան 47 տոննա կշռող համալիրի եռաստիճան հրթիռն օժտված է 1.2 տոննա զանգված ունեցող մարտական մասով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *