ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական օկրուգը ստացել է Իսկանդեր-Մ համալիրի հերթական համալրումը

ՌԴ զինված ուժերի արևմտյան ռազմական օկրուգի հրթիռային ստորաբաժանումները 2014-ի հուլիսի 8-ին կայացած հանդիսավոր արարողությամբ ստացել են Իսկանդեր-Մ օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի բրիգադային հերթական համալրումը։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Իսկանդեր-Մ ՕՄՀՀ

Իսկանդեր-Մ ՕՄՀՀ

Աստրախանի շրջանի Կապուստին յար զորավարժարանում կայացած հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԶՈւ արևմտյան ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՌԴ կառավարությանն առընթեր ռազմական արդյունաբերության կոմիտեի նախագահի տեղակալ Օլեգ Բոչկարյովը և այլոք։

Ընդհանրացնելով միջոցառման ժամանակ տարբեր պաշտոնյաների ունեցած արարողակարգային ելույթների բովանդակությունը՝ նշենք, որ հիմնականում ընդգծվել է՝ Իսկանդեր-Մ հրթիռային համալիրը հեռանկարային զինատեսակ է ՌԴ զինված ուժերի համար ու ռազմական արդյունաբերության ձեռնարկություններն աշխատում են իրենց ողջ ներուժով՝ համալիրի մեծաքանակ մատակարարումներն առանց ժամանակացույցից ուշացման իրականացնելու համար։

Հավելենք, որ ՌԴ-ն նախատեսում է մինչև 2018 թվականը Իսկանդեր համալիրներով համալրել ցամաքային զորքերի հրթիռային բոլոր այն ստորաբաժանումները, որոնցում ներկայումս մարտական հերթապահություն են կատարում Տոչկա և Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրները։

Իսկանդեր համալիրը թողարկվում է երկու մոդիֆիկացիայով. Իսկանդեր-Մ և Իսկանդեր-Է։ Վերջինս նախատեսված է արտահանման համար։ Համալիրը կիրառվում է օպերատիվ խորություններում հակառակորդի փոքրածավալ զորամիավորումների ոչնչացման նպատակով։ Այն բացազատվում է 30 րոպեում։ Թիրախի խոցման նվազագույն հեռավորությունը 50 կմ է, իսկ առավելագույնը՝ 500 (Իսկանդեր Է-ի համար այս ցուցանիշը կազմում է 280 կմ)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *