ՆԱՏՕ-ի նվազագույնը 6 զինծառայող, ինչպես և 2 ոստիկան է սպանվել, վիրավորվել են 10 խաղաղ բնակիչներ Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի կազմակերպած պայթյունի հետևանքով։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, պայթյունն արձանագրվել է Աֆղանստանի արևելքում՝ Փարվան նահանգում։ Ներկայումս միջադեպի մանրամասներն են պարզվում։
Հիշեցնենք, որ 2 օր առաջ նույն նահանգում Քալանդար գյուղի կողմից 2 հրթիռ էին բաց թողել Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորքերի ռազմակայանի ուղղությամբ։ Համաձայն «Ռոյթերսի»՝ սույն գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը։
Հավելենք նաև, որ հունիսի 9-ին Աֆղանստանի հարավում ահաբեկչական «Թալիբան» խմբավորման զինյալները սպանել էին Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) առաքելության 5 զինծառայողի։
Նկատենք, որ միջազգային խաղաղապահ ուժերը պետք է որ Աֆղանստանում մնան մինչև 2014-ի վերջը: Ապա դրանք դուրս են բերվելու, և երկրում մնալու է ամերիկացի տեսուչների ու հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչների փոքրաթիվ խումբ:
ԱՄՆ-ն ու վերջինիս դաշնակիցները 2001-ից Աֆղանստանում պայքարում են «Թալիբան» շարժման դեմ, որն էլ իր հերթին ձգտում է միջազգային ուժերին հեռացնել Աֆղանստանից: Այս պայքարի զոհ են դարձել շուրջ 10 հազար աֆղանցի խաղաղ բնակիչներ, մի քանի հազար զինծառայողներ ու սպաներ: