ԱՄՆ նավատորմը կհամալրվի հեռավոր հայտնաբերման ևս 25 ինքնաթիռով

ԱՄՆ նավատորմի ավիացիոն համակարգերի հրամանատարությունը 2014-ի հուլիսի 4-ին հայտնել է, որ Northrop Grumman ընկերության հետ կնքվել է շուրջ 3.7 միլիարդ ամերիկյան դոլարի երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսում է հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման 25 միավոր E-2D Advanced Hawkeye ինքնաթիռների մատակարարում։ Այս մասին հայտնում է ամերիկյան «USNI» ռազմական լրատվակայքը։

Հեռավոր հայտնաբերման E-2D Advanced Hawkeye ինքնաթիռ. ԱՄՆ նավատորմ

Հեռավոր հայտնաբերման E-2D Advanced Hawkeye ինքնաթիռ. ԱՄՆ նավատորմ

Պայմանագրի ավարտը նախանշված է 2020-ի օգոստոսին, սակայն բուն ինքնաթիռների մատակարարման գործընթացը պետք է ավարտվի մինչև 2018-ն, ինչից հետո ԱՄՆ նավատորմում E-2D Advanced Hawkeye ինքնաթիռների ընդհանուր թիվը կհասնի 50-ի։

Հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտանբերման E-2C ինքնաթիռի հիման վրա կառուցված E-2D-ն հարմարեցված է ավիակիրային տեղակայմանը։ Այն նախատեսված է ոչ միայն օդային, այլև ջրային թիրախների հայտնաբերման համար։ Ներքին համակարգերի արդիականացման շնորհիվ Advanced Hawkeye-ը դարձել է նաև բավական արդյունավետ միջոց՝ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համար։

Հարկ է նշել, որ Northrop Grumman ընկերությունն իր հեռավոր ռեադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռները հավաքելիս օգտագործում է մի շարք այլ ընկերությունների էլեկտրոնային արտադրանքը, որոնց թվում է նաև հինգերորդ սերնդի F-35 կործանիչը նախագծած Lockheed Martin-ը։

E-2D Advanced Hawkeye ինքնաթիռի առաջին օրինակները ԱՄՆ նավատորմին են հանձնել 2010-ին։ Բացի վերոնշյալ պայմանագրից, նախտեսվում է, որ Պենտագոնը կգնի այս ինքնաթիռների ևս 25 օրինակ՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով 75-ի։ Բացի այդ, Advanced Hawkeye-ի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Ֆրանսիան ու Հնդկաստանը, սակայն ընկերությունը կարող է մտածել արտահանման մասին ոչ շուտ, քան 2018-ը՝ ճիշտ այն ժամանակ, երբ կավարտի Պենտագոնի պատվերի կատարումը։

5 Հոգանոց անձնակազմ ունեցող հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման E-2D Advanced Hawkeye ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 650 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը շուրջ 10 500 մետր է։ Վառելիքի մեկ լիցքավորմամբ այն կարող է անցնել մինչև 2700 կմ տարածություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *