ՌԴ պաշտպանության նախարարության՝ «Պլեսեցկ» տիեզերակայանից արձակած «Ռոկոտ» հրթիռ-կրիչն ուղեծիր է դուրս բերել ռուսաստանյան «Գոնեց-Մ» կապի արբանյակները:
Այս մասին ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ օդատիեզերական պաշտպանության զորքերի գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը:
Նրա խոսքերով՝ «Ռոկոտի» արձակումը «Պլեսեցկ» տիեզերակայանից առաջինն էր հունիսի 27-ին էկոլոգիապես մաքուր նորագույն ռուսաստանյան «Անգարա 1.2ՊՊ» հրթիռի փորձնական արձակման չեղարկումից հետո:
Հավելենք, որ 3 «Գոնեց-Մ» արբանյակների արձակումը նպատակ ունի «Գոնեց» արբանյակային խմբում բաղադրիչների թիվը 7-ից հասցնել 10-ի:
Համակարգը նախատեսված է անձնական կապի տրամադրման, տարբեր տիպի տեղեկության, այդ թվում՝ ԳԼՕՆԱՍՍ համակարգի տվյալները փոխանցելու համար:
Կապն իրականացվում է փոքր բարձրության վրա թռչող (1400 կմ) արբանյակների առանձին խմբավորման միջոցով: «Գոնեց» համակարգի օգնությամբ հնարավոր է ենթակառուցվածքների մշտադիտարկում իրականացնել և դրա արդյունքում հավաքած տվյալները կառավարման կենտրոններ փոխանցել: