Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։
Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու փորձելով առաջանալ մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ։
Թեև իրաքյան զինուժը որոշակի հաջողություններ ունենում է, սակայն իսլամիստները նույնպես գրավում են նոր տարածքներ, ինչպես նաև կարողանում պահպանել արդեն գրաված տարածքները։ Ստեղծված իրավիճակում Սաուդյան Արաբիան սկսել է զորքեր ավելացնել Իրաքի հետ սահմանին՝ հնարավոր վտանգին դիմակայելու համար։
Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.
13։30- ԻԼԻՊ-ը շարունակում է գործողությունները Սիրիայի Դեր Զոր շրջանում, որտեղ կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել մեկ այլ խմբավորման՝ «ալ Նուսրայի ճակատ» կազմակերպության զբաղեցրած տարածքները։ Ավելի վաղ ԻԼԻՊ-ին հաջողվել էր գրավել է Աբու Քամալ քաղաքը, որը մոտ է Իրաքի հետ սահմանին։
13։00- ԻԼԻՊ-ը մի տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես են մի տղամարդուն նետում խորխորատը՝ այս ամենը ներկայացնելով որպես մահապատժի նոր ձև։ Նշվում է, որ մահապատժի ենթարկված մարդն Իրանի քաղաքացի է։