Ռուսաստանն Արկտիկայում վերականգնում է օդանավակայաններն ու ՀՕՊ համակարգի ցանցը

Ռուսաստանը շարունակում է ավելացնել իր ռազմական ներկայությունն Արկտիկայում։ Այս շրջանում ռազմածովային ուժերի առանձին հրամանատարության ստեղծմանը, դեսանտայինների մասնակցությամբ մի շարք զորավարժությունների անցկացմանը հաջորդում է
օդայի տարածքի վերահսկման համար անհրաժեշտ հակաօդային պաշտպանության կետերի ու օդանավակայանների վերականգնումը։ Այս մասին գրում է ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականը։

Արկտիկայում ռուսաստանյան հենակայաններից մեկը

Արկտիկայում ռուսաստանյան հենակայաններից մեկը

Արկտիկայում վերականգնվել է մի քանի օդանավակայան, ինչպես նաև շահագործման համար պիտանի աստիճանի է բերվել մի քանի թռիչքուղի, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործել որպես այլընտրանք օդանավակայաններին։

ՌԴ հատուկ շինարարության դաշնային գործակալությունը, որը զբաղվում է հիմնականում ռազմական նշանակության բարդ օբյեկտների կառուցմամբ, առաջիկայում կավարտի շուրջ 175 միլիոն 500 հազար դոլարի վերականգնողական աշխատանքներ Արկտիկայի այն օբյեկտներում, որոնք դադարել են գործել ԽՍՀՄ փլուզումից հետո։ Տեղեկությունը հաստատել է նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Զգալի աշխատանքներ է նախատեսված տանել նաև Արկտիկայում հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Այս նպատակով Արկտիկայի 5 կետերում կտեղակայվեն ռադիոտեղորոշիչ կայաններ, որոնք ոչ միայն կհետևեն օդային տարածքի բոլոր տեղաշարժերին, այլև անհրաժեշտության դեպքում կուղղորդեն սեփական ավիացիայի թռիչքները։

ՌԴ ռազմաօդային ուժերի նախին հրամանատար Պյոտր Դեյնեկինը պարբերականի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչով է Արկտիկայի նշանակությունը Ռուսաստանի համար ռազմավարական։ Բանն այն է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղիղ երթուղին դեպի Ռուսաստան անցնում է հենց Արկտիկայով ու օդային ամուր պատնեշի ստեղծումն այս շրջանում կնշանակի խոչընդոտել ամերիկյան ռազմական ինքնաթիռների թռիչքին շատ ավելի վաղ և ՌԴ սահմաններից շատ ավելի հեռու։

Ի դեպ նշենք՝ Արկտիկայի ռուսաստանյան օդանավակայաններում կտեղակայվեն ՄիԳ-31 կործանիչներ, իսկ հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ կայանների ստացած տեղեկություններն օպերատիվ մշակման կենթարկվեն ՌԴ ԶՈւ ՀՕՊ զորքերի՝ Մոսկվայի շրջանում տեղակայված կենտրոնական հրամանատարությունում։

Արկտիկայում ռուսաստանյան ռազմական ներկայության մեծացման անհրաժեշտության մասին ուշագրավ մեկնաբանություն է տվել նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ Լեոնիդ Իվաշովը։ Նա նախ նշել է, որ արևմուտքում հիմնել են Արկտիկայի խորհուրդ, որի կազմի մեջ են Կանադան, Մեծ Բրիտանիան, Նորվեգիա և Դանիան իրենց միացյալ ուժերով։ Սա նշանակում է, որ վաղ թե ուշ Արկտիկայի շուրջ ի հայտ է գալու շահերի բախում, որին Ռուսաստանը պետք է լինի պատրաստ։

Բացի այդ, 2012-ին ՆԱՏՕ-ն Նորվեգիայի հյուսիսում անցկացրեց Cold Response (Սառը արձագանք) զորավարժությունը, որում ներգրավված էր 16 000 զինծառայող 16 երկրներից։ Զորավարժությանը մասնակցում էին նաև ռազմածովային և ռազմաօդային ուժերի տարբեր ստորաբաժանումներ։ Մեկ այլ զորավարժություն էլ 2014-ին անցկացրեց ԱՄՆ-ն՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։ Դրանում ներգրավված էր նաև 2 սուզանավ։

Իվաշովն ի մի բերելով այս իրադարձությունները նշում է՝ գալու է մի պահ, երբ Ռուսաստանը ստիպված է լինելու ուժի միջոցով պաշտպանել իր շահերն Արկտիկայում ու պատրաստվել դրան պետք է հնարավորինս շուտ՝ զարգացնելով այդ շրջանում պաշտպանական ենթակառուցվածքը։

2 responses to “Ռուսաստանն Արկտիկայում վերականգնում է օդանավակայաններն ու ՀՕՊ համակարգի ցանցը

  1. Pingback: ՌԴ 3 անգամ ավելացրել է իր ռմբակոծիչների թռիչքներն Արկտիկայում | Ռազմ.info

  2. Pingback: ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը «զորավարժությունների մրցավազք» են սկսել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *