ՌԴ զինված ուժերը շարունակում են ավելացնել ռազմական ներկայությունն Արկտիկայում։ Այդ շրջանակներում տարվում են նաև աշխատանքներ՝ տարածաշրջանում օդային տեսանկյունից ամուր դիրքեր ունենալու ուղղությամբ։ Այս մասին ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է ՌԴ զինված ուժերի արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ, գնդապետ Ալեքսանդր Գորդեևը։
ՌԴ ռազմաօդային ուժերի Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչներն արդեն տևական ժամանակ է, ինչ պարեկային թռիչքներ են կատարում Արկտիկայում։
Գորդեևը նշել է, որ դրանք օդ են բարձրանում Ռուսաստանի Ամուրի շրջանում տեղակայված ռազմական օդանավակայանից ու առանց որևէ երկրի օդային սահման խախտելու, իրականացնում են ուսումնական թռիչքներ, որոնց ընդհանուր տևողությունն, ի դեպ, նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 3 անգամ։
Արկտիկայի շրջանում թռիչքներ կատարելիս ինքնաթիռների անձնակազմի վարպետությունը կատարելագործվում է անհամեմատ ավելի արագ։ Դա ունի մի քանի պատճառ. նախ թռիչքներն իրականացվում են այնպիսի տեղանքում, որտեղ բացակայում են կողմնորոշիչներն ու արդյունքում օդաչուները պետք է առավելագույնս կենտրոնանան՝ նախանշված երթուղուց չշեղվելու համար։ Դրանից բացի, վարպետության բարձր աստիճան է պահանջում նաև թռիչքի ու վայրէջքի իրականացումը կլիմայական բարդ պայմաններում, երբ թռիչքուղին սառած է, իսկ տեսանելիությունը խիստ սահմանափակ։
Հարկ է նշել, որ պարեկային թռիչքներից բացի, ռմբակոծիչների անձնակազմն իրականացնում է նաև օդային հետախուզություն և վառելիքի լիցքավորում երկնքում։ Նման վարժանքներին առանձնահատուկ տեղ են սկսել հատկացնել սկսած 2014-ից։
Առհասարակ, Ռուսաստանը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում Արկտիկայում սեփական դիրքերի ամրապնդմանը։ Դա պայմանավորված է նաև տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվացմամբ ու անցկացված բազմաթիվ զորավարժություններով։ Դրանցից հարկ է առանձնացնել 2012-ին Նորվեգիայի հյուսիսում անցկացված Cold Response (Սառը արձագանք) զորավարժությունը, որում ներգրավված էր 16 000 զինծառայող 16 երկրներից։ 2 Սուզանավի ներգրավմամբ մեկ այլ զորավարժություն էլ 2014-ին անցկացրեց ԱՄՆ-ն՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։
Շահերի բախումն այս տարածաշրջանում ունի նաև տնտեսական ենթատեքստ։ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, Արկտիկայի ռուսաստանյան հատվածում կա շուրջ 30 տրիլիոն դոլարի օգտակար հանածո։ Իսկ ընդհանուր միտումները ցույց են տալիս, որ ՌԴ նավթագազային արդյունահանման էպիկենտրոնը հնարավոր է աստիճանաբար տեղափոխվի Արկտիկա։
Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը շահագործման են հանձնել 1956 թվականին։ Մինչ օրս արտադրվել է ինքնաթիռի բազմաթիվ մոդիֆիկացիաների ավելի քան 500 օրինակ։ 9 հոգանոց անձնակազմ ունեցող ռմբակոծիչը կարող է զարգացնել 900 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առաստաղը՝ կախված մոդիֆիկացիայից, 10 500-ից 13 500 մետր է։ Սպառազինությունում Տու-95-ն ունի 3 երկփողանի հրանոթ, իսկ ռումբերի առավելագույն զանգվածը, որն ինքնաթիռը կարող է բարձրացնել, 12 000 կգ է։
Կարդացեք նաև՝ Ռուսաստանն Արկտիկայում վերականգնում է օդանավակայաններն ու ՀՕՊ համակարգի ցանցը
Pingback: ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը «զորավարժությունների մրցավազք» են սկսել | Ռազմ.info