Ռուս-ուկրաինական հաամագործակցությունը Ան-70 բեռնատար ինքնաթիռի շուրջ մտնում է փակուղի

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, «Ռազմական ավիացիա» ավիաշինական միացյալ կորպորացիայի ղեկավար Վլադիմիր Միխայիլովը 2014-ի հունիսի 28-ին հարցազրույց է տվել ռուսաստանյան ռադիոկայաններից մեկին, որում ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ան-70 բեռնատար ինքնաթիռի ռուս-ուկրաինական նախագծի հետագա ճակատագրին։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ան-70 բեռնատար ինքնաթիռ

Ան-70 բեռնատար ինքնաթիռ

Ան-70 (ռուս.՝ Ан-70) բեռնատար ինքնաթիռի ձեռքբերումը ներառված էր սպառազինությունների՝ 2020 թվականի ՌԴ պետական ծրագրում։ Դրա իրականացման համար հատկացվել են զգալի ֆինանսական միջոցներ, սակայն ինչպես հիմա է պարզվում, նախագծի կյանքի կոչումն, իսկ ավելի ստույգ՝ ինքնաթիռի սերիական արտադրության հարցը բավական մշուշոտ է։

Ռադիոկայանին տված հարցազրույցում Վլադիմիր Միխայիլովը նշել է, որ Ան-70 բեռնատար ինքնաթիռը հայտագրվել է սերիական արտադրության համար, սակայն այդ ժամանակ, երբ ինքը գլխավորում էր ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, հանգամանորեն ծանոթանալով ինքնաթիռի փորձարկումների արձանագրությանը, վերհանել է 4 թերություն, որոնց առկայությունն անհնարին էր դարձնում ինքնաթիռի երաշխավորումը սերիական արտադրության։

Միխայիլովի խոսքերով, ուկրաինական կողմին տրվել է հստակ ցուցումներ՝ այդ թերությունները վերացնելու ուղղությամբ, սակայն տևական ժամանակ անց դրանք այդպես էլ մնացել են անփոփոխ։ Ընդ որում, ռուսաստանյան կողմի հավաստմամբ, հայտնաբերված 4 թերություններից յուրաքանչյուրի առկայությունն անգամ բավարար էր, որպեսզի չլինի սերիական արտադրության թույլտվությունը։

Համեմատականներ տանելով նմանատիպ այլ նախագծերի միջև, բանախոսը նշել է, որ օրինակ Իլ-76ՄԴ բեռնատար ինքնաթիռի կատարելագործված տարբերակը՝ Իլ-76ՄԴ-90Ա-ն, իր բոլոր տվյալներով՝ ներառյալ արդյունավետությունն ու գինը, մի քանի անգամ ավելի շահավետ է, քան Ան-70-ը։ Սրանք են հիմնական պատճառները, որոնք մեծ հարցականի տակ են դնում վերջինիս նախագծի հետագա ճակատագիրը։

6 հոգանոց անձնակազմ ունեցող Ան-70 ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 47 տոննա բեռ։ Ինքնաթիռի թռիչքի առավելագույն արագությունը 800 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 12 000 մետր։ Մեկ լիցքավորմամբ Ան-70-ը կարող է անցնել մինչև 7 800 կմ հեռավորություն։ Ինքնաթիռի մեկ միավորի արժեքը շուրջ 67 միլիոն ամերիկյան դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *