Ուկրաինայի սահմանապահ ծառայության և զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների համատեղ գործողությունների արդյունքում հունիսի 29-ին ռուս-ուկրաինական պետական սահմանի՝ Լուգանսկի շրջանի
հատվածում հաջողվել է խոցել թեթև դասի հետախուզական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը։
Խոցված անօդաչուն մնացել է Ուկրաինայի տարածքում ու ներկայումս այն ուսումնասիրում են մասնագետները՝ դրա պատկանելությունը պարզելու համար։ Նշենք, որ դա որոշելը կլինի դժվար, քանի որ այն ամբողջությամբ ներկված է մոխրագույն, ինչպես նաև դրա վրայից բացակայում են տարբերակման նշանները։
Ինչևէ, մինչ ուկրաինացի մասնագետներն աշխատում են այս ուղղությամբ՝ նշենք, որ սահմանապահ ծառայության հրապարակած լուսանկերներից կարելի է ենթադրել, որ խոցվածը ռուսաստանյան ZALA 421-08 անօդաչու թռչող սարքն է, որն արտադրվում է Իժևսկի գործարանում։
Շուրջ 9 կգ կշռող անօդաչուն նախատեսված է ինչպես հետախուզության, այնպես էլ կրակի ուղղորդման համար։ Փոքր հեռավորություններում աշխատելու համար նախատեսված ԱԹՍ-ն ներկայումս շահագործվում է հիմնականում ՌԴ զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումներում, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարությունում։