Մեքսիկայում զինծառայողները վնասազերծել են հանցավոր խմբավորման 22 անդամների

Մեքսիկայում հունիսի 30-ին զինված ուժերի զինծառայողները կրակել ու սպանել են հանցավոր խմբավորումներին ենթադրաբար անդամակցող 22 հոգու։ Փոխհրաձգությունն արձանագրվել է երկրի մայրաքաղաք Մեխիկոյից հարավ-արևմուտք ընկած շրջանում։ Դրա հետևանքով վիրավորվել է մեկ զինծառայող։ Մեքսիկայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ նրա վիճակը գնահատվում է բավարար։

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Մեքսիկայի գլխավոր դատախազությանը, սպանված հանցագործների շարքում եղել է մեկ կին։ Փոխհրաձգության պատճառը հանցավոր խմբավորումների անդամների հարձակումն է զինծառայողների վրա։ Ընդամենը մի քանի րոպե տևած կրակոցներից հետո զինծառայողներին հաջողվել է նաև ազատել 3 կնոջ, որոնք, ըստ նախնական տվյալների, պատանդ էին պահվում։

Նկատենք, որ սույն միջադեպը, համաձայն տարբեր գնահատականների, 2012-ին Փենյա Նյետոյի՝ Մեքսիկայի նախագահ դառնալուց ի վեր ամենաարյունալի բախումն է զինծառայողների և հանցագործների միջև։

Հիշեցնենք, որ Նյետոյի նախընտրական խոստումների շարքում էր կազմակերպված հանցավորության դեմ համակարգված պայքարը։ 2007-ից մինչ օրս հիմնականում թմրաբիզնեսով զբաղվող խմբավորումների գործունեության հետևանքով սպանվել է ավելի քան 90 հազար հոգի։

Հարկ է նշել, որ Նյետոյի ընտրվելուց հետո Մեքսիկայում ընդհանուր առմամբ հանցավորության մակարդակը նվազել է, սակայն բարձրացել է առանձին նահանգների կտրվածքով։ Այսպես, նախագահի ծննդավայր Մեխիկոյում այն 2013-ի համեմատ աճել է 14 տոկոսով, իսկ Միչոաքանում՝ շուրջ 40 տոկոսով։

Հավելենք նաև, որ հանցավորության դեմ պայքարում Մեքսիկայում ներգրավված են նաև կամավորները՝ վիգիլանտները։ Մեքսիկայի իշխանությունները 2014-ի հունվարի 27-ին օրինական կարգավիճակ շնորհեցին վիգիլանտներին և ստանձնեցին նրանց ղեկավարումը։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Մեքսիկայում կազմավորվելու են Շրջանային պաշտպանական ուժեր (Cuerpo de Defensa Rural), որին կանդամակցեն նարկոկարտելների դեմ պայքարող բոլոր աշխարհազորայինները, որոնց թվաքանակը գնահատվում է մոտ 20 հազար մարդ։ Աշխարհազորային ջոկատներից պահանջվում է ներկայացնել իրենց բոլոր անդամների ցուցակները և գրանցել զենքերը Մեքսիկայի պաշտպանության նախարարությունում, որն էլ իր հերթին պարտավորվելու է նրանց տրամադրել կապի միջոցներ, որոշ դեպքերում նաև զինամթերք։ Վիգիլանտներն իրենց զենքերը մշտապես կարող են պահել իրենց մոտ, առավել աչքի ընկած կամավորները հնարավորություն կստանան աշխատանքի անցնել ոստիկանությունում։

Համաձայնության ձեռքբերման դրական արդյունքները երկար սպասեցնել չտվեցին. վիգիլանտների խմբերի աջակցությամբ ձերբակալվեց «Տամպլիերների ասպետների» 4 ղեկավարներից մեկը՝ Դիոնիսիո Լոյա Պլանկարետին, ով հայտնի է «Հորեղբայր» (El Tio) մականունով։ «Հորեղբայրը» Մեքսիկայի ամենափնտրվող հանցագործներից էր, իսկ նրա համար շուրջ 2.2 մլն դոլար գլխագին էր սահմանված։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *