Սիրիայի քիմիական զենքի բոլոր հայտարարված պաշարները դուրս են բերվել երկրից

Սիրիայի Լաթաքիա նավահանգստում դանիական նավի վրա է բեռնվել սիրիական քիմիական զենքի հայտարարված պաշարների վերջին խմբաքանակը, որը այնտեղից կտեղափոխվի ու կոչնչացվի առաջիկայում: Այս մասին Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար Ահմեդ Ուզումջուն հայտարարություն է տարածել կազմակերպության կայքի միջոցով:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատակիցը

Քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատակիցը

Ուզումջուն հայտարարել է, որ ՄԱԿ-ի ու իր ղեկավարած կազմակերպության, ինչպես նաև մի շարք երկրների համագործակցության արդյունքում հնարավոր դարձավ ոչ միայն Սիրիայից դուրս բերել ու ոչնչացնել երկրի քիմիական ու կենսաբանական զենքի բոլոր հայտարարված պաշարները, այլև կազմալուծել բոլոր այն արտադրական հզորությունները, որով հնարավոր էր կազմակերպել դրանց արտադրությունը: Սիրիայում ներկայում մնացել է միայն 12 ձեռնարկություններ, որոնք կարող են քիմիական զենքի արտադրություն կազմակերպել: Այդ ձեռնարկությունների ոչնչացման համար անհրաժեշտ է Քիմիական զենքի արգելման կազմակերպության Կատարողական խորհրդի որոշումը:

Միաժամանակ կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ երկրից դուրս են բերվել քիմիական զենքի միայն հայտարարված ու ներկայացված պաշարները, բայց չի կարելի բացառել, որ Սիրիայում կարող են լինել նաև քիմիական զենքի չներկայացված, գաղտնի պահված պաշարներ:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությունը համաձայնություն էր տվել քիմիական զենքի իր պաշարների ոչնչացման հարցում, երբ 2013-ի օգոստոսին Դամասկոսի մերձակայքում խաղաղ բնակիչների դեմ ենթադրաբար քիմիական զենք էր կիրառվել ու մեղադրանքներ էին հնչել իշխանությունների դեմ: Դրանք հարմար առիթ էին դարձել Արևմուտքի համար Սիրիայի դեմ ռազմական գործողություններ ծավալելու շրջանակներում: Համանման զարգացումներից խուսափելու նպատակով՝ Սիրիայի կառավարությունը թույլատրել էր ՄԱԿ-ի փորձագետների մուտքն ու հետազոտություններն իր տարածքում՝ միաժամանակ քիմիական զենքի օգտագործման մեղադրանքներ հղելով Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալների խմբավորումներին:

2013-ի հոկտեմբերի 14-ին Սիրիան անդամակցեց քիմիական զենքի կիրառումն արգելող Կոնվենցիային, որին հետևեց երկրի տարածքում առկա քիմիական զենքի պաշարների հայտարարագրումը։ Համաձայն այդ տվյալների՝ Սիրիան ուներ շուրջ 1300 տոննա քիմիական զենք, որի մի մասն արդեն ոչնչացվել է։

Հավելենք, որ Սիրիայում քիմիական զենքի պաշարների դուրսբերման գործընթացը մեկնարկել էր 2014-ի հունվարի 8-ին։ Սիրիայի երկու պահեստների քիմիական զենքը բերվել էր Լաթաքիայի նավահանգիստ, ապա տեղափոխվել դանիական նավի վրա։ Նավին ուղեկցել էին Դանիայի, Նորվեգիայի ու Սիրիայի ռազմածովային պահակախմբերը։

Սիրիական քիմիական զենքի դուրսբերման պլանը

Սիրիական քիմիական զենքի դուրսբերման պլանը

2013-ի դեկտեմբերի սկզբին ԱՄՆ իշխանությունները խոստացել էին առաջիկայում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը տրամադրել հատուկ սարքավորումներով օժտված նավ՝ բաց ծովում Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման համար:

Մեծ Բրիտանիան համաձայնել էր պաշարների մի մասն իր տարածքում ոչնչացնել։ Քիչ վտանգ ներկայացնող քիմիական նյութերը դուրս են բերվել նորվեգական և դանիական նավերով, ապա չեզոքացվելու են հենց ընտրված վերոհիշյալ ընկերությունների ջանքերով։

Սիրիայի քիմիական «զինաթափման» գործընթացին մասնակցում են ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Դանիան, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Չինաստանն ու Նորվեգիան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *