Ճապոնական Mitsubishi ընկերությունը զրահափոխադրիչ է նախագծել

Mitsubishi Heavy Industries ընկերության ներկայացուցիչները Ֆրանսիայում անցկացվող Eurosatory-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել են իրենց նախագծած 8×8 ընթացամասով նոր զրահափոխադրիչի մանրակերտը:

Ճապոնական Mitsubishi ընկերության նախագծած զրահափոխադրիչի մանրակերտը Eurosatory-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

Ճապոնական Mitsubishi ընկերության նախագծած զրահափոխադրիչի մանրակերտը Eurosatory-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

Ըստ defence-blog.com կայքի՝ մեքենան ներկայացվել է միայն զրահափոխադրիչ տարբերակով, սակայն ճապոնական ընկերությունը դրա հիման վրա նախագծել է զրահապատ մեքենաների ամբողջ ընտանիք, որի կազմում նաև սանիտարական ու կապի ապահովման մեքենաներ:

Նոր զրահափոխադրիչի իրական տարբերակն, ըստ նախագծողների, ունի 18 տոննա զանգված ու կարող է տեղափոխել մինչև 10 տոննա զանգվածով բեռներ՝ ներառյալ մեքենայի սարքավորումները: Զրահափոխադրիչի անձնակազմը 3 մարդ է, դեսանտը՝ 8 մարդ: Մեքենան ունի 8 մետր երկարություն, 2,8 մետր բարձրություն ու 3 մետր լայնություն: Մեքենայի վրա տեղադրված է 500 ձիուժանոց շարժիչ, որով այն կարողանում է զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն:

Հավանական է, որ նոր զրահափոխադրիչի ստեղծման համար հիմք է ծառայել Ճապոնիայի ՊՆ «Տեխնիկակակն հետազոտության ու զարգացման ինստիտուտի» նախագծած ու 2013-ի հոկտեմբերին ներկայացրած անվավոր տանկը:

8×8 անվային կառուցվածքով Mobile Combat Vehicle տանկը, որ զինված է 105 մմ թնդանոթով, 12,7 ու 7,62 մմ գնդացիրներով, ունի 26 տոննա զանգված ու իր տվյալներով համեմատելի է նոր ներկայացվող զրահափոխադրիչի տվյալների հետ:

Mobile combat vehicle ճապոնական անվավոր տանկը

Mobile combat vehicle ճապոնական անվավոր տանկը

Նոր զրահափոխադրիչը նախատեսված է Ճապոնիայից արտահանման համար, ինը հնարավոր է դարձել բոլորովին վերջերս: Ճապոնիայի կառավարությունը 2014-ի ապրիլի 1-ին պաշտոնապես չեղյալ է հայտարարել 1967-ից գործող, ռազմական արտադրանքի արտահանումը սահմանափակող կանոնները՝ փոխարենն ընդունելով սպառազինության արտահանումը կարգավորող նոր օրենք։

Նոր օրենքն արգելում է Ճապոնիան զենք-զինամթերք վաճառել այն երկրներին, որտեղ փաստացի մարտական գործողություններ են ընթանում, ինչպես և պետություններին, որոնք «տեսականորեն կարող են ամբողջ աշխարհում տիրող խաղաղության մթնոլորտը խախտել»։

Այնուհանդերձ, նոր օրենքը ենթադրում է ճապոնական սպառազինության տրամադրման թույլտվություն այն երկրներին, որոնց շնորհիվ էլ «ապահովված է Ճապոնիայի ազգային ու միջազգային անվտանգությունը»։

Հիշեցնենք, որ 1967-ից գործող ռազմական սպառազինության արտահանման սահմանափակումները վերաբերում էին կոմունիստական վարչակազմ ունեցող, միջազգային ռազմական հակամարտություններին մասնակցող, ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմանափակումների շրջանակներում ընդգրկված երկրներին ռազմական նշանակության արտադրանքներ տրամադրելու արգելքին։ Ճապոնիան որոշել էր հրաժարվել դրանից դեռևս 2011-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *