Ճապոնիան փոփոխում է սեփական ռազմական արտադրանքի արտահանման կանոնները

Ճապոնիայի կառավարությունը 2014-ի ապրիլի 1-ին պաշտոնապես չեղյալ է հայտարարել 1967-ից գործող, ռազմական արտադրանքի արտահանումը սահմանափակող կանոնները՝ փոխարենն ընդունելով սպառազինության արտահանումը կարգավորող նոր օրենք։

Ճապոնական US-2i որոնողա-փրկարարական հիդրոինքնաթիռ

Ճապոնական US-2i որոնողա-փրկարարական հիդրոինքնաթիռ

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ճապոնիայի նախարարների խորհրդի քարտուղար Յոսիհիդե Սուգան։

Նրա խոսքերով՝ նոր օրենքն արգելում է Ճապոնիան զենք-զինամթերք վաճառել այն երկրներին, որտեղ փաստացի մարտական գործողություններ են ընթանում, ինչպես և պետություններին, որոնք «տեսականորեն կարող են ամբողջ աշխարհում տիրող խաղաղության մթնոլորտը խախտել»։

Այնուհանդերձ, նոր օրենքը ենթադրում է ճապոնական սպառազինության տրամադրման թույլտվություն այն երկրներին, որոնց շնորհիվ էլ «ապահովված է Ճապոնիայի ազգային ու միջազգային անվտանգությունը»։

Ստացվում է՝ Տոկիոն մտադիր է զենք վաճառել կարևոր ծովային ճանապարհներին ջրային տարածքներ ունեցող երկրներին՝ այդպիսով աջակցություն ստանալով նաև ծովահենների դեմ պայքարում։ Բացի այդ, հնարավոր է դառնում սպառազինություն մատակարարել Ինդոնեզիային ու Ֆիլիպիններին։

1967-ից գործող ռազմական սպառազինության արտահանման սահմանափակումները վերաբերում էին կոմունիստական վարչակազմ ունեցող, միջազգային ռազմական հակամարտություններին մասնակցող, ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմանափակումների շրջանակներում ընդգրկված երկրներին ռազմական նշանակության արտադրանքներ տրամադրելու արգելքին։ Ճապոնիան որոշել էր հրաժարվել դրանից դեռևս 2011-ին։

Հավելենք, որև ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մի քանի առիթներով հայտարարել է՝ պատրաստվում է հասնել սահմանված արգելքի վերանայմանը, ինչը ճապոնական մի շարք ընկերությունների հնարավորություն կտա ներկայանալ նաև սպառազինության համաշխարհային շուկայում:

Ճապոնական ընկերություններից ռազմական արտադրանքի ներուժով աչքի են ընկնում Mitsubishi Heavy Industries և Kawasaki Heavy Industries ընկերությունները: Միցուբիշի ընկերությունը բանակցություններ է վարում նաև հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչի համար պահեստամասերի մատակարարման շուրջ:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի վերջին հայտնի էր դարձել՝ Ճապոնիան 15 հիդրոինքնաթիռների վաճառքի պայմանագիր է կնքել Հնդկաստանի հետ, ինչը հանդիսանալու է ճապոնական ռազմական արտադրանքի արտահանման առաջին նախադեպը՝ Երկրորդ համաշխարհայինի ավարտից ի վեր:

Ընդ որում, 2015-ին Ճապոնիայի կառավարությունը մտադիր է վերանայել Սահմանադրության 9-րդ կետը, որն արգելում է երկրին մասնակցել միջազգային հակամարտություններին և ունենալ սեփական մշտական զինված ուժերը։

3 responses to “Ճապոնիան փոփոխում է սեփական ռազմական արտադրանքի արտահանման կանոնները

  1. Pingback: Ճապոնիան կարող է սպառազինության արտահանման առաջին գործարքը կնքել մինչև հուլիսի վերջ | Ռազմ.info

  2. Pingback: Ճապոնիան հաստատել է ռազմական արտադրանքի արտահանման առաջին գործարքը | Ռազմ.info

  3. Pingback: Ճապոնիան ինտեգրվում է սպառազինության համաշխարհային առևտրին՝ արգելքի չեղարկումից հետո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *