Ռուսաստանցի լավագույն տանկիստներին հավաքել են տանկային բիաթլոնի համար

Ռուսաստանի ԶՈւ 4 ռազմական օկրուգների 4-ական լավագույն տանկային անձնակազմեր հավաքվել են Մոսկվայում, որպեսզի իրենց ուժերը չափեն համառուսաստանյան տանկային բիաթլոնի մրցումներում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Տ-72 տանկերի անձնակազմերի, ինչպես նաև ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաների միջև մրցումները կկայանան 2014-ի հունիսի 23-ից մինչև հունիսի 28-ը, մրցումների ավարտին էլ լավագույն անձնակազմերը կստանան ինչպես բիաթլոնի գավաթը, այնպես էլ արժեքավոր նվերներ:

2013-ին Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի բացման արարողությունը

2013-ին Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի բացման արարողությունը

Այս մրցումների ընթացքում լավագույնը ճանաչված տանկային ու ՀՄՄ-ի անձնակազմերը կներկայացնեն Ռուսաստանի զինված ուժերը միջազգային տանկային բիաթլոնի ժամանակ, որտեղ կմրցեն 10-ից ավելի արտասահմանյան անձնակազմերի հետ:

Մինչ այդ տանկային բիաթլոնին պատրաստվելու համար Ռուսաստանի զինված ուժերը ձևափոխել են մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանը, որտեղ անցկացվելու են մրցումները: Տանկերի ու ՀՄՄ-ների համար նախատեսված արշավային երթուղիները լայնացրել ու հասցրել են 40 մետրի, որպեսզի մրցումների ընթացքում անձնակազմերը կարողանան վազանց անել միմյանց: Նախորդ անգամվանից մնացած էսկարպներին, կամրջակներին ու ծանծաղուտներին ավելացվել են նաև այլ խոչընդոտներ, այդ թվում՝ խրամ, թեքություններ, հրե ժապավեններ և այլն: Իսկ ամբողջ երթուղու երկարությունը հասցվել է 7,6 կիլոմետրի:

Բիաթլոնի կազմակերպիչները նախապատրաստել են նաև բացման արարողություն, որտեղ տանկերի ու այլ զրահատեխնիկայի մասնակցությամբ կցուցադրեն «տանկային բալետ» և այլն: Միաժամանակ հանդիսատեսի համար Ալաբինոյում կառուցել են 5000 տեղանոց տրիբունաներ։

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

Հիշեցնենք, որ Ռուսաստանը տանկային բիաթլոնին ներգրավում է նաև Ղրիմի տանկիստներին: Նախկին ուկրաինական զինված ուժերի զինծառայողները, ովքեր ընդունել են ՌԴ քաղաքացիություն ու ծառայությունը շարունակում են ՌԴ զինված ուժերում, մասնակցել են Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական օկրուգի տանկային բիաթլոնի մրցմանը:

Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ տանկային երկամարտը (բիաթլոնը) կազմված է երկու մասից։ Առաջին մասը ենթադրում է երեք երթային շրջանների կատարում, որի ընթացքում տանկերը հաղթահարում են նաև տարբեր արգելքներ, որոնց թվում՝ խրամ, էսկարպ, կամուրջ և այլն։

Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *