Ռուսաստանը տանկային բիաթլոնին ներգրավում է նաև Ղրիմի տանկիստներին

Ղրիմում ծառայություն իրականացնող զինծառայողներից բաղկացած երեք տանկային անձնակազմեր կմասնակցեն Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական օկրուգի տանկային բիաթլոնի մրցմանը: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

Ըստ հաղորդման՝ նախկին ուկրաինական զինված ուժերի զինծառայողները, ովքեր ընդունել են ՌԴ քաղաքացիություն ու ծառայությունը շարունակում են ՌԴ զինված ուժերում, արդեն ժամանել են Վոլգոգրադ, որտեղ մասնակցելու են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի առաջնությանը, քանի որ դեռևս ապրիլի սկզբին Ղրիմը ընդգրկվել էր ՌԴ հարավային ռազմական օկրուգի կազմում:

Հիշեցնենք, որ այս մրցման հաղթողը իրավունք կստանա հարավային ռազմական օկրուգը ներկայացնել Ռուսաստանի համաբանակային առաջնության ժամանակ, որը կանցկացվի 2014-ի հուլիսին: Այս մրցման հաղթողն էլ Ռուսաստանը կներկայացնեի Տանկային բիաթլոն-2014 միջազգային առաջնության ժամանակ, որին իրենց մասնակցությունը հաստատել են 13 այլ երկրներ:

Նախատեսված է, որ 2014-ի միջազգային տանկային բիաթլոնը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 16-ը։ 2014-ի միջազգային տանկային բիաթլոնին մասնակցելու հրավեր է ուղարկվել 41 երկրի։

Հայտնի է, որ 2014-ին միջազգային տանկային բիաթլոնին կմասնակցեն նաև հետևակի մարտական մեքենաներ, որոնց համար ներկայումս կառուցվում են առանձին երթուղիներ։

Միաժամանակ հանդիսատեսի համար ռուսաստանյան կողմը նախատեսում է կառուցել 5000 տեղանոց տրիբունաներ։ Կկառուցվի նաև մրցանակաբաշխության համար նախատեսված հրապարակ։

Հիշեցնենք, որ տանկային բիաթլոնի միջազգային առաջին մրցույթը անցկացվել է 2013-ին ռուսաստանյան Ալաբինո զորավարժարանում։ Ընդ որում՝ անցյալ տարի ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին։

«Թռչող տանկը» հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

«Թռչող տանկը» հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

Ավելացնենք, որ տանկային բիաթլոն անցկացվել է նաև Հայաստանում։ 2013 թվականի նոյեմբերին հայկական առաջին տանկային բիաթլոնը կազմակերպվել է Արցախի պաշտպանության բանակում՝ խոշոր զորավարժության շրջանակներում։

Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ տանկային երկամարտը (բիաթլոնը) կազմված է երկու մասից։ Առաջին մասը ենթադրում է երեք երթային շրջանների կատարում, որի ընթացքում տանկերը հաղթահարում են նաև տարբեր արգելքներ, որոնց թվում՝ խրամ, էսկարպ, կամուրջ և այլն։

Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ։

One response to “Ռուսաստանը տանկային բիաթլոնին ներգրավում է նաև Ղրիմի տանկիստներին

  1. Pingback: Ռուսաստանցի լավագույն տանկիստներին հավաքել են տանկային բիաթլոնի համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *