Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 22

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտոր Պորոշենկոն հունիսի 20-ին ստորագրել է հրամանագիր, որը նախատեսում է 1 շաբաթով՝ մինչև հունիսի 27-ը, հակաահաբեկչական գործողության դադարեցում երկրի հարավ-արևելքում։ Հրադադարին զուգահեռ փորձ է արվում գործի դնել արդեն 2 ամսից ավել շարունակվող ճգնաժամի խաղաղ կարգավորումը նախատեսող 15 կետանոց ծրագիրը, որն առաջարկել է Պորոշենկոն։

Այն ենթադրում է զինված ջոկատների կամավոր զինաթափում, նրանց անվտանգության երաշխավորում և բարեփոխումների իրականացում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում։ Չնայած այս ամենին, հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ապստամբների և ուժայինների շփման գծի մի շարք հատվածներում գրանցվել են բախումներ։ Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

«Դոնբաս» գումարտակի մարտիկ

«Դոնբաս» գումարտակի մարտիկ

20։00Կիևում շուրջ 50 ցուցարար հավաքվել է ՌԴ հյուպատոսարանի շենքի առաջ ու դրսևորել ագրեսիվ պահվածք։ Հյուպատոսարանի անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանական ստորաբաժանումները օղակի մեջ են վերցրել շենքն, ինչից որոշ ժամանակ անց ցուցարարները հեռացել են։

18:45-Ուկրաինայի արևելյան Խարկով քաղաքում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով երկրի իշխանություններից դադարեցնել հակաահաբեկչական գործողությունը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում։ Նշենք, որ ՌԴ-ին սահմանակից Խարկովի բնակչության զգալի մասը ռուսամետ հայացքների կրող է։

17։20-Իզվարինո սահմանային անցակետի ուկրաինական հատվածը հսկող 15 սահմանապահ, ովքեր հունիսի 21-ին նահանջել էին ՌԴ տարածք՝ այժմ այդ երկրից քաղաքական ապաստան են խնդրել։ Հիշեցնենք, որ ապստամբների հարձակումից փրկվելու նպատակով հունիսի 21-ին ՌԴ տարածք էր նահանջել Իզվարինո անցակետի մոտ 80 սահմանապահ։

17:00-Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում երիտասարդների մի քանի հարյուր հոգանոց երթի ընթացքում ցուցարարները հարձակվել են ռուսաստանյան «Սբերբան Ռոսիի» բանկի կիևյան մասնաճյուղերից մեկի վրա ու կոտրել ապակիները։

16։40պստամբները հարձակվել են Լուգանսկի շրջանի և ՌԴ պետական սահմանի միջև գործող Բելովոդսկ անցակետի վրա։ Սահմանապահներին օգնության են ուղարկել ուկրաինական բանակի ստորաբաժանումները։ Այս պահին այլ տեղեկություններ հայտնի չեն։

16։10-Դոնեցկի ապստամբ ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը տարածել է հայտարարություն, որում նշել է, որ Ուկրաինայի նախագահի հայտարարած զինադադարը միակողմանի է ու իրենց հետ բանակցությունների մեջ մտնել որևէ մեկը չի փորձել, ուստի ապստամբները պահպանել զինադադարը չեն պատրաստվում ու շարունակելու են պայքարն ուժայինների դեմ այնքան ժամանակ, քանի դեռ շրջանն ամբողջությամբ չի մաքրվել նրանց ներկայությունից։

15։20-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների խնդրանքով անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծմանն ուղղված ծրագրին։ Նա նշել է, որ ընդհանուր առմամբ ողջունում է Պորոշենկոյի ծրագիրն ու հավելել՝ չափազանց կարևոր է, որ ի վերջո երկխոսություն ծավալվի Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերի միջև։

13։35-Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշոնեկոն դիմել է Ուկրաինայի ժողովրդին՝ կոչ անելով դիմել վճռական քայլերի՝ ստեղծված իրավիճակից երկիրը հանելու համար։ Նա նշել է, որ չնայած երկրում սկիզբ առած ծայրահեղական շարժումներին, պետք է անել ամենը, որպեսզի ժողովուրդը հնարավորություն ունենա խաղաղ կյանքով ապրել այն հողի վրա, որը տրված է ի վերուստ։ Իր կոչում Պորոշենկոն հատուկ շնորհակալություն է հայտնել նաև բոլոր այն զինվորականներին և ուժայիններին, ովքեր այսօր վտանգում են իրենց կյանքը հանուն Ուկրաինայի։

12։50-Կիևյան իշխանության կողմնակիցներից կազմված «Դոնբաս» գումարտակի շարքերը համալրել է նաև 6 կին։ Նրանք այժմ անցնում են վերապատրաստում, ինչից հետո կմեկնեն հարավ-արևելք՝ մասնակցելու հակաահաբեկչական գործողությանը։ Հիշեցնենք, որ հունիսի 21-ին հայտնի դարձավ նաև՝ «Դոնբաս» գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոն հայտարարել է զորահավաք՝ «Ղրիմ» գումարտակի կազմավորման նպատակով։

12:00-Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, որ եթե ճգնաժամի լուծմանն ուղղված խաղաղ կարգավորման պլանը տապալվի, կա նաև մշակված գործողությունների պահեստային տարբերակ։ Թե ինչ է այն իրենց ենթադրում՝ նախագահը չի մանրամասնել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *