Ռուսաստանում փորձարկում են Սոսնա զենիթային նոր հրթիռը

Ռուսաստանում ընթանում են Սոսնա զենիթային հրթիռի փորձարկման աշխատանքները, որոնց ավարտից հետո հնարավոր կլինի դիտարկել Սոսնա զենիթահրթիռային համալիրի՝ սպառազինության ընդունման հնարավորությունը։ «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Փարիզում ընթացող Eurosatory-2014 ռազմական ցուցահանդեսի ժամանակ հայտնել է ռուսաստանյան «Գերճշգրիտ համալիրներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Դենիսովը։

Սոսնա զենիթահրթիռային համալիրի ցուցապատկեր

Սոսնա զենիթահրթիռային համալիրի ցուցապատկեր

Նա հստակեցրել է, որ զենիթային նոր հրթիռի փորձարկման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2014-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Փոքր հեռահարության Սոսնա (ռուս.՝ Сосна) զենիթահրթիռային համալիրը նախատեսված է օդային թիրախների դեմ մինչև 10 կմ հեռավորության և մինչև 5 կմ բարձրության վրա պայքարի համար։ Օգտագործվող Սոսնա հրթիռի թռիչքի արագությունը հասնում է մինչև 900 մետր/վայրկյանի, ինչը բավական լավ ցուցանիշ է։

Հրթիռի ճկունությանը նպաստել է նաև դրա համեմատաբար փոքր զանգվածը՝ մոտ 30 կգ։ Թեթև քաշն ու չափերը հնարավորություն են տվել նախագծողներին համալիրի բոլոր բաղկացուցիչ համակարգերը տեղադրել միասնական մեկ շասսիի վրա։

Նշենք, որ Սոսնա համալիրը նախատեսվում է տեղադրել թեթև զրահապատ քարշակի վրա (ռուս.՝ МТЛБ)։ Կոնտեյներները կարող են պարունակել մինչև 12 հրթիռ, որոնց լիցքավորման համար անհրաժեշտ է միջինը 10 րոպե։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *