Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հունիսի 17

Մինչ աշխարհն իր ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի վրա, Մերձավոր Արևելքում շարունակում է իր ազդեցության գոտին ընդլայնել «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպությունը, որը Սիրիայում հաջող գործողություններից հետո այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու առաջանալով մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ։

Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.

Իսլամիստները գնդակահարում են իրաքցի նորակոչիկներին

Իսլամիստները գնդակահարում են իրաքցի նորակոչիկներին

18։20- Իրաքի կառավարությունը Սաուդյան Արաբիային մեղադրել է «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամակա նպետություն» կազմակերպությանը ֆինանսապես աջակցելու համար։ Այս կերպ Բաղդադը պատասխանել է Սաուդյան Արաբիայից հնչած հայտարարությանը, թե Իրաքի ներքին հարցերին արտաքին միջամտությունն անընդունելի է։

16։11- Բաակուբա քաղաքի մոտակայքում կալանավայրում իսլամիստները սխալմամբ սպանել են իրենց 40 կողմնակցի՝ նրանց դնելով հակառակորդի տեղ։ Գրոհը սկսվել է գիշերը, ինչի հետևանքով շուրջ 40 բանտարկյալ է սպանվել։ Այլ աղբյուրների համաձայն՝ բանտարկյալների մի մասին սպանել են բանտապահները, երբ նրանք փորձել են փախուստի դիմել։

16։10- Իսլամիստները գրավել են Իրաքի խոշորագույն նավթամշակման գործարանը, որը տեղակայված է Բայջի քաղաքում։ Նավթամշակման գործարանի իրաքի աշխատակիցները մնացել են տեղում, արտասահմանցիները լքել են ձեռնարկությունը։ Գործարանը ներկայում չի գործում։

15:10- Անկարայի 9-րդ քրեական դատարանն արգելել է թուրքական լրատվամիջոցներին «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանի 49 աշխատակիցների գերի վերցնելու վերաբերյալ լուրերի հրապարակումը։ Թուրքական աղբյուրներին արգելվում է ցանկացած տեսակի ոչ պաշտոնական տեղեկություն հաղորդել Մոսուլի դեպքերից և թուրք դիվանագետների ու դեսպանատան աշխատակիցների վերաբերյալ։ Որոշումը պատճառաբանվել է նրանով, թե ավելորդ տեղեկությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ թուրք գերիների վրա։

13։20- ԻԼԻՊ-ի զինյալները գրեթե ամբողջությամբ տիրել են Տալ-Աֆար քաղաքին, որի վրա հարձակումը սկսել էին նախօրեին։ Տալ-Աֆարում մեծ թիվ է կազմում թուրքմեն բնակչությունը։

13։00- Իսլամիստներն իրաքցի զինծառայողների հետ մարտերից հետո կարողացել են վերահսկողություն սահմանել մայրաքաղաք Բաղդադից 60 կմ հյուսիս-արևելք գտնվող Բաակուբա քաղաքի զգալի մասում։ Մարտերի ընթացքում մեծ թվով խաղաղ բնակիչներ են սպանվել, տեղեկացնում է AFP-ն։ Կողմերի ռազմական կորուստների մասին տեղեկություններ դեռ չկան։ա

10։58- Բաղդադից արևմուտք գտնվող էլ Ֆալուջա քաղաքում իսլամիստները հունիսի 16-ին կարողացել են ոչնչացնել Իրաքի զինված ուժերի ուղղաթիռ։ Երկու օդաչուները մահացել են։ Ուղղաթիռի տեսակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

10։56- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին տեղեկացրել է 275 զինծառայող Իրաք ուղարկելու մտադրության մասին։ Ամերիկացի զինծառայողները պետք է պաշտպանեն Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը։ Նշվում է, որ ամերիկյան զինծառայողներն Իրաք են ուղարկվում տեղի իշխանությունների համաձայնությամբ։

10։50- Իրաքյանի զինուժի՝ Բաղդադից դեպի հյուսիս ընկնող տարածքներում գիշերն անցկացված հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել է 25 իսլամիստ զինյալ։

10։40- Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերը չեն պատրաստվում մասնակցել Իրաքում « Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ Բաղդադի գործողություններին։ Այս մասին հայտարարել է քրդական ինքնավարության արտաքին գործերի նախարար Ֆալահ Մուսթաֆա Բաքիրը։ Նա նշել է, քրդական զինուժը պաշտպանելու է միայն քրդական տարածքները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *