Իտալիան դեսանտային նավի վրա փորձարկում է իր վարձակալած անօդաչուն

Իտալիայի ռազմածովային ուժերը սկսել են S-100 Camcompter ուղղաթիռատիպ անօդաչու թռչող սարքի գնահատողական փորձարկումները։ Դրանց ընթացքում փորձարկվելու են ԱԹՍ-ի թռիչքային ու տեխնիկական հնարավորությունները Սան-Ջուսթո դեսանտային նավի վրա։

S-100 Camcompter ուղղաթիռատիպ անօդաչու թռչող սարք

S-100 Camcompter ուղղաթիռատիպ անօդաչու թռչող սարք

Ինչպես հաղորդում է Defence-blog.com-ը, Իտալիայի ռազմածովային ուժերը վարձակալել են սույն անօդաչուն սեփական նավերի անձնակազմերին բաց ծովում հետախուզական, շրջադիտման և այլ անհրաժեշտ տվյալներ փոխանցելու նպատակով։ Բացի այդ, ԱԹՍ-ն նախատեսվում է կիրառել որոնողափրկարարական գործողություններում, բնական աղետների ժամանակ, ինչպես և քաղաքացիական նպատակներով։

Նշենք, որ S-100 Camcompter-ն ընդգրկում է 2 սարք, կառավարկան 1 կայան և մի շարք ալեհավաքներ։ Անօդաչուի էլեկտրաօպտիկական ու ինֆրակարմիր հատուկ հաղորդիչները թույլ են տալիս հետախուզություն կատարել նաև նավի դիտակետերից դուրս տարածքներում, առցանց ռեժիմով։

Հավելենք, որ Սան-Ջուսթո նավը ևս Իտալիայի ՌԾՈւ-ն վարձակալել է, և S-100 Camcompter ԱԹՍ կրող իր առաջին դեսանտային նավն է։ Այն ծովում է մնալու մոտ մեկ շաբաթ՝ ԱԹՍ-ի համապատասխան փորձարկումների համար։ Ըստ աղբյուրի՝ ներկա դրությամբ ավարտվել են ԱԹՍ-ի և նավի փոխգործակցության, նաև ԱԹՍ-ի տեսանելիության ու այն հայտնաբերելու հավանականության գնահատողական փորձարկումները, բացի այդ ընթացքի մեջ են տախտակամածից թռիչքի և վայրէջքի հնարավորությունների ստուգումը, ԱԹՍ-ի հաղորդիչների առանձնահատկությունների փորձարկումը։

Նկատենք, որ ԱԹՍ-ի փորձարկումը նավի վրա ունի հեռահար նպատակ, այն է՝ իտալական նավերի արդյունավետության բարձրացում, գործառույթների թվի ավելացում, անվտանգության ապահովում հատկապես ծովային առևտրային ուղիներում հանդիպող ծովահենների հարձակումներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *