Այսօր՝ հունիսի 6-ին, Վրաստանի Վազիանի զորավարժարանում կկայանա Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն մեկնող վրացական 150 հոգանոց զորախմբի ճանապարհման արարողությունը։ Նրանք շուրջ 6 ամիս խաղաղապահ առաքելություն են իրականացնելու Եվրամիության հովանավորության ներքո։
«Խաղաղապահ առաքելության մեկնող զինծառայողները նման առաքելության մեծ փորձառություն ունեն»,- այս մասին վրաստանյան «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Միխաիլ Դարչիաշվիլին։
Դարչիաշվիլին նաև նշել է, որ մի պետության համար, որն ապագայում դառնալու է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ է նման խաղաղապահ առաքելության մասնակցելը։
Նշենք, որ 2013 թվականի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրվել է համաձայնագիր Եվրամիության և Վրաստանի միջև, ըստ որի՝ վրացական կողմը կարող է մասնակցել ԵՄ-ի կողմից ճգնաժամային իրավիճակներում գործողությունների իրականացմանը։
Փաստաթուղթը վրացական կողմից ստորագրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեն և Եվրամիության արատաքին գործերի և անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։ Այդ պահից էլՎրաստանը ԵՄ-ից ստացել է խաղաղապահ առաքելություն իրականացնելու հրավեր, այդ թվում նաև՝ աֆրիկյան երկրների համար։
Վրաստանն առաջարկը քննեց փետրվարի 20-ին կայացած կառավարության նիստում։ Հենց այս ժամանակ էլ կառավարությունը համաձայնություն տվեց վրացական կողմի ներգրավմանը։
Հիշեցնենք, որ իրավիճակը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում լարված է վերջին 1 տարվա ընթացքում։ Երկրի մուսուլման և քրիստոնյա բնակչության միջև անընդմեջ գրանցվում են զինված բախումներ, ինչի հետևանքով հակամարտության ողջ ընթացքում զոհվել է մոտ 2 000 մարդ։ Նախագահ Միշել Ջոտոդիան 2014-ի հունվարի 10-ին հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ ի զորու չէ հանգուցալուծել երկրում ստեղծված իրավիճակը։ Հարավաֆրիկյան Հանրապետության անցումային կառավարությունը նախագահի լիազորությունները հանձնեց մայրաքաղաք Բանգիի արդեն նախկին քաղաքապետ Քեթրին Սամբա-Պանզային։
Այժմ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ռազմական առաքելություն են իրականացնում ֆրանսիական և աֆրիկյան զորախմբերը։
Աֆրիկյան այս թեժ երկրի հարցում իր մտահոգությունն է սկսել հայտնել նաև Եվրամիությունը։ Վերջինս ևս նախատեսում է զորախումբ ուղարկել Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն։
Ավելի վաղ նշվում էր, որ զորախումբը բաղկացած կլինի 100 հոգուց, որոնց մեջ հնարավոր է ներառվեն զինծառայողներ Իսպանիայից, Թուրքիայից ու նաև Վրաստանից։