«Ալ Կաիդայի» զինյալները հարձակվել են Եմենի ԶՈւ հենակետերից մեկի վրա. կան զոհեր

Եմենի հարավային հատվածներում շարունակվում են «ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակումները զինված ուժերի հենակետերի վրա։ Գնդացիրներով զինված ահաբեկիչները հունիսի 4-ին վաղ առավոտյան հարձակվել են Բայհան քաղաքի զինվորական հենակետերից մեկի վրա, երբ զինծառայողները քնած են եղել։ Արդյունքում մահացել է 14 հոգի։

Եմենի զինծառայողներ

Եմենի զինծառայողներ

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, ահաբեկիչներն այրել են 2 ավտոմեքենա, ապա հեռացել անհայտ ուղղությամբ։ Հարձակման հետևանքով գրանցված զոհերի շարքում 8-ը զինծառայողներ են, 6-ը՝ խաղաղ բնակիչներ, որոնք Եմենի կառավարությանը սատարող ցեղախմբերից մեկի անդամներ էին։

Նկատենք, որ համանման հարձակումները եզակի չեն Եմենում։ Եմենի հարավային հատվածում երկրի զինված ուժերի զինծառայողների և զինյալների բախման հետևանքով ապրիլի 29-ին սպանվել էր նվազագույնը 15 զինծառայող, 12 զինյալ։

Հավելենք նաև, որ 2014-ի մարտի վերջին հայտնի էր դարձել՝ ԱՄՆ-ն Եմենին հատկացնելու է թեթև ինքնաթիռներ՝ «ալ Կաիդայի» դեմ պայքարում կիրառելու համար։

2013-ի դեկտեմբերի 15-ին Եմենի խորհրդարանը որոշում էր ընդունել,  որը ենթադրում է պետության տարածքում ցանկացած տիպի անօդաչու թռչող սարքերի կիրառման խստիվ արգելում:

Նշենք, որ ԱՄՆ ԿՀՎ-ն է հիմնականում ղեկավարում ԱԹՍ-ների օգտագործմամբ բոլոր գործողությունները Եմենի տարածքում:

Օրենքն ընդունել են դեկտեմբերի 12-ին գրանցված աղմկահարույց միջադեպից հետո: ԱմերիկյանԱԹՍ-ի հարձակման զոհ էին դարձել հիմնականում խաղաղ բնակիչները, քանի որ ԱԹՍ-ն հարձակում էր գործել հարսանեկան շքերթի ուղղությամբ։ ԱԹՍ-ի օդային հարվածների պատճառով պայթել էր հարսանեկան ավտոմեքենան, որի մեջ նվազագույնը 10 հոգի էր։

Համաձայն Եմենի անվտանգության ուժերի ներկայացուցչի՝ սպանվածների շարքում էին նաև «ալ Կաիդայի» անդամներ, որոնց դեմ էլ ուղղված էր հարձակումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *