Եմենում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով 17 հոգի սպանվել է

Եմենում 17 հոգի սպանվել է անօդաչու թռչող սարքից արձակված կրակի հետևանքով։ ԱԹՍ-ն ենթադրաբար պատկանում էր ԱՄՆ-ին, մասնավորապես՝  Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ)։

MQ-9 Reaper ամերիկյան ԱԹՍ

MQ-9 Reaper ամերիկյան ԱԹՍ

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, միջադեպը գրանցվել է դեկտեմբերի 12-ին Ռադաա քաղաքի մերձակայքում։ Հարձակման զոհ են դարձել հիմնականում խաղաղ բնակիչները, քանի որ ԱԹՍ-ն հարձակում է գործել հարսանեկան շքերթի ուղղությամբ։ ԱԹՍ-ի օդային հարվածների պատճառով պայթել է հարսանեկան ավտոմեքենան, որի մեջ նվազագույնը 10 հոգի էր։

Համաձայն Եմենի անվտանգության ուժերի ներկայացուցչի՝  սպանվածների շարքում են նաև «ալ Կաիդայի» անդամներ, որոնց դեմ էլ ուղղված էր հարձակումը։ AFP-ին հայտնի է դարձել նրանցից երկուսի անունը՝ Սալեհ ալ-Թաիս ու Աբդուլլահ ալ Թաիս։ Եմենի իշխանությունները վաղուց էին հետախուզում նրանց՝ ահաբեկչություն իրականացնելու մեղադրանքով։

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի օգոստոսի 7-ին ամերիկյան ԱԹՍ-ները Եմենի Շաբվա շրջանում ոչնչացրել էին նվազագույնը 14 զինյալի։

Նկատենք, որ ԱԹՍ-ի կիրառմամբ հատուկ գործողությունները Եմենում վերահսկում է ԿՀՎ-ն։ Այս կերպ ամերիկյան իշխանություններն աջակցում են Եմենի կառավարությանը «ալ Կաիդայի» դեմ պայքարում։ Համանման գործողություններ իրականացվում են Պակիստանում ու Սոմալիում։ Ընդ որում, ԱՄՆ-ն բազմիցս քննադատությունների է ենթարկվում այս քայլերի համար, քանի որ ԱԹՍ-ի հարձակման զոհ են դառնում հիմնականում խաղաղ բնակիչներ։ Բացի այդ, իրավապաշտպանները բազմիցս շեշտել են՝ ԱԹՍ-ի միջոցով Եմենի իշխանություններն ու ԱՄՆ-ն ոչնչացնում են կասկածյալ-ահաբեկիչների, որոնց հանցանքն ապացուցված չէ, և նրանց կարելի է ձերբակալել ողջ վիճակում։

Վաշինգթոնն էլ ի պատասխան քննադատության՝ հավաստիացնում է, որ հնարավորինս հստակորեն են ստուգում հետախուզության տվյալներն ու թիրախներ ընտրում ԱԹՍ-ների համար, որպեսզի խուսափեն խաղաղ բնակչությանը վնասելուց։

One response to “Եմենում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով 17 հոգի սպանվել է

  1. Pingback: «Ալ Կաիդայի» զինյալները հարձակվել են Եմենի ԶՈւ հենակետերից մեկի վրա. կան զոհեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *