Կայացել է նորաստեղծ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հիմնադիր նիստը

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից որպես առողջապահական հասարակական կազմակերպություն գրանցվել է «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան»: Այդ կապակցությամբ մայիսի 29-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կայացել է նորաստեղծ հասարակական կազմակերպության հիմնադիր նիստը:

Սեյրան Օհանյանը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նիստին

Սեյրան Օհանյանը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նիստին

Նիստին մասնակցում էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Արմեն Մուրադյանը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, ինչպես նաև առողջապահության և պաշտպանության նախարարությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:

Հանդես գալով բացման խոսքով և պաշտպանական բարեփոխումների համատեքստում կարևորելով ռազմաբժշկական ծառայության արդիականացման գործընթացի անհրաժեշտությունը՝ նախաձեռնության հեղինակ Ռուզաննա Խաչատրյանը նշել է, որ բանակի կազմավորման օրվանից սկսած բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են կանգնած եղել զինված ուժերի կողքին` փորձելով կառուցողական մոտեցումներով աջակցել ԶՈւ-ում առկա խնդիրների լուծմանը: Տիկին Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ նորաստեղծ հասարակական կազմակերպությունն իր նպաստն է բերելու ԶՈւ ռազմական բժշկության ոլորտի կատարելագործմանը։

Նիստի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա շեշտել է. «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» իր կառուցվածքով և գործունեությամբ կաջակցի ռազմաբժշկական ոլորտին` սկսած կազմակերպչական աշխատանքներից մինչև ոլորտի համակողմանի ուսումնասիրումն ու վերլուծությունը»:

Հավելենք, որ Հասարակական կազմակերպության ստեղծման նպատակն է կատարելագործել ռազմաբժշկական ծառայության հայեցակարգային հիմքերը, շարունակել բուժսպասարկման աշխատանքների բարեփոխումների գործընթացը, մասնագիտական և սոցիալ-իրավական հարցերով աջակցել ռազմական բժիշկներին, ուսումնասիրել և համադրել ՀՀ ռազմական բժշկության հնարավորություններն արտասահմանյան առաջավոր փորձի հետ, ըստ այդմ` առաջարկել զարգացման նոր ուղենիշներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *