Ադրբեջանի՝ հիվանդությունից մահացած զինծառայողի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ

Մայիսի 29-ին հայտնի էր դարձել՝ Ադրբեջանի ներքին զորքերի հոսպիտալում ՆԶ զորամասերից մեկի 18-ամյա զինծառայող Մամեդով Սամիգ Սուլթան օղլուն մահացել էր հիվանդության հետևանքով։ Մայիսի 30-ին զինդատախազության փոխանցմամբ՝ զինծառայողի մահվան առնչությամբ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հոդվածով։ Ընթանում է հետաքննություն։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունից պնդում են, թե զորակոչման գործընթացի շրջանակներում անցկացված բուժզննման համաձայն՝ զինծառայողն առողջական խնդիրներ չի ունեցել։

Հիշեցնենք, որ Մամեդովին օրերս անոթների խցանման ծանր հիվանդության ախտորոշմամբ տեղափոխել էին հոսպիտալ, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։

Հայտնի է, որ զինծառայողը զորակոչվել էր 2014-ի ապրիլին լեզգիաբնակ Գուսարի շրջանից։

Նկատենք, որ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը (ՄԻՊ) 2014-ի սկզբին հանդես էր եկել 2013-ի ամփոփիչ զեկույցով՝ շեշտելով՝ անհանգստություն է հարուցում այն հանգամանքը, որ զինծառայողների ծնողները բազմիցս բողոքել են ՄԻՊ գրասենյակին, թե ծառայություն անցնող իրենց որդիները առողջական լուրջ խնդիրներ ունեն, իսկ հրամանատարության կողմից այս հանգամանքն անտեսվում է:

Ընդ որում, ՄԻՊ գրասենյակը հաղորդում է, որ սեփական հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում պարզել է՝ Ադրբեջանի զինուժում կան ֆիզիկական և հոգեբանական խնդիրներով անձինք, ովքեր օրենքով պետք է ազատված լինեին զինծառայությունից:

Հավելենք, որ 2013-ին Ադրբեջանքի Կտտանքների դեմ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցի համաձայն՝ նույն տարում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոծկել է առնվազն 5 զինծառայողների մահվան իրական պատճառները, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացածներին ներկայացրել որպես ինքնասպանություն գործած կամ հիվանդության պատճառով մահացած զինծառայողների, և հարկ եղած դեպքում հետաքննություն չի անցկացվել:

Նշենք նաև, որ 2013-ի հունիսին Ադրբեջանի մոբիլիզացիայի և զորակոչի պետծառայության պետ Արզու Ռահիմովը հայտարարել էր. «Ներկայումս ոչ մի դեպք չի գրանցվել ու ոչ մի փաստ չկա, որ զորակոչվում են այս կամ այն հիվանդությունն ունեցող երիտասարդներ»: Ադրբեջանական մամուլը, սակայն, վերհանել էր թոքերի ծանր հիվանդությամբ, տասներկումատնյա աղիքի խոց և ողնաշարի ծռում ունեցող, տուբերկուլյոզով հիվանդ երիտասարդների զորակոչման դեպքեր:

Մեր ունեցած փաստերը միայն ադրբեջանական լրատվամիջոցների լուսաբանած և ՄԻՊի- հիշատակած դեպքերն են։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչի դեպքերն Ադրբեջանում շատ ավելի են։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *