Շվեյցարիային առաջարկում են Gripen-ներից 7 անգամ էժան կործանիչներ

Շվեյցարիայում անցկացված հանրաքվեից հետո, երբ երկրի բնակչությունը դեմ արտահայտվեց շվեդական Gripen կործանիչներ գնելուն, ամերիկյան Textron AirLand ընկերությունը Շվեյցարիային է առաջարկել Scorpion կործանիչներ:

Շվեյցարական զինված ուժերն այս առաջարկի շրջանակում կկարողանա գնել ամերիկյան թեթև գրոհիչ Scorpion ինքնաթիռները 7 անգամ ավելի ցածր գնով, քան շվեյցարացիները պատրաստվում էին գնել շվեդական JAS 39 Gripen E կործանիչները:

Ամերիկյան Scorpion թեթև գրոհիչ ինքնաթիռը

Ամերիկյան Scorpion թեթև գրոհիչ ինքնաթիռը

Ամերիկյան ընկերության նախագահը, ըստ The Local էլեկտրոնային պարբերականի, հայտնել է, որ իրենց ընկերությունը պատրաստ է ինքնաթիռներից յուրաքանչյուրը շվեյցարական զինված ուժերին հանձնել 20 մլն ամերիկյան դոլարով: Ի տարբերություն Scorpion-ների՝ Gripen-ների մեկ միավորը Շվեյցարիան պատրաստվում էր գնել մոտավոր 159 մլն դոլարով (կործանիչի գինը մոտ 70 մլն ամերիկյան դոլար է), թեև այս դեպքում պայմանագրի մեջ մտնելու էին նաև պահեստամասերը, սպասարկման սարքավորումները և այլն:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի կառավարությունը շվեդական 22 միավոր Gripen E կործանիչ գնելու որոշում էր կայացրել դեռևս 2012-ին, սակայն որոշ ժամանակ անց, քաղաքական մի շարք ուժեր սկսեցին պնդել, թե այդ կործանիչների գնումը չարդարացված և ավելորդ ծախս է երկրի բյուջեի համար: Ի վերջո՝ որոշվեց Gripen-ների գնման հարցը դնել համազգային հանրաքվեի:

2014-ի մայիսի 18-ին անցկացված համազգային հանրաքվեի արդյունքներով երկրի բնակչությունը պետք է որոշեր՝ համալրել ռազմաօդային ուժերը շվեդական Gripen E կործանիչներով, թե ոչ։ Քվեարկողների 53.4 տոկոսը դեմ է արտահայտվել Gripen-ների գնմանը։

Ըստ Շվեյցարիայի նախագահ Ուլի Մաուրերի՝ բնակչության այս քայլը բավական դժվար կացության մեջ դրեց երկիրը՝ զինված ուժերի մարտունակության աստիճանի առումով: Պատճառն այն է, որ Շվեյցարական օդուժի ավիապարկի հիմքը կազմում են 32 միավոր F/A-18 Hornet և 53 միավոր F-5 կործանիչները։ Վերջինս նախատեսվում է հանել շահագործումից 2016-ին, ու հենց այդ բացը պետք է լրացնեին Gripen-ները: Արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը. կա շահագործումից թվով 53 կործանիչ հանելու որոշում, սակայն պարզ չէ, թե ինչի հաշվին է լրացվելու այդ բացը:

Շվեյցարիայի նախագահ Մաուրերը նաև հայտարարեց, որ իրենք կանեն ամեն ինչ՝ ստեղծված վիճակից դուրս գալու համար և առաջիկա ամիսներին հանդես կգան այլընտրանքային մի քանի ծրագրերով՝ ուղղված զինված ուժերի մարտունակության վերականգնմանը:

Ամերիկյան Textron AirLand Scorpion գրոհիչն ունի 5,4 տոննա զանգված ու մոտ 3,2 տոննա բեռնատարողություն: Ինքնաթիռի անձնակազմը 2 հոգի է: Գրոհիչի առավելագույն արագությունը մոտ 230 մ/վ արագություն (զիջում է ձայնի արագությանը): Կարողանում է մարտական խնդիրներ կատարել ու վերադառնալ մոտ 14 կմ հեռավորության վրա: Զինված է 2,8 տոննա առավելագույն զանգվածով սպառազինություն կրելու համար նախատեսված 6 կախոց, ինչպես նաև ռումբեր տեղափոխելու հնարավորություն:

Ի տարբերություն Scorpion-ի՝ շվեդական Saab JAS 39 Gripen կործանիչներն ունեն 6,8 տոննա զանգված ու մոտ 7,2 տոննա բեռնատարողություն, որով զգալիորեն գերազանցում են իրենց «մրցակցին»: Ինքնաթիռի անձնակազմը 1 մարդ է (մասնավորապես Շվեյցարիայի ցանկացած Gripen Eկործանիչի դեպքում): Կործանիչը կարող է զարգացնել մինչև 2 Մախ արագություն (ձայնի արագությունը 2 անգամ գերազանցող արագություն): Մարտական խնդիրներ կարող է կատարել մինչև 15 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռը զինված է 27 մմ թնդանոթով, ունի զինամթերքի 8 կախոց (3-ական՝ թևերին ու 2-ը՝ ֆյուզելաժին), որոնց վրա կարող են կախված լինել կառավարվող ու չկառավարվող հրթիռներ, ռումբեր:

Մարտավարատեխնիկական բնութագրերից բացի, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ շվեդական Gripen-ները սպառազինության են վերցվել դեռևս 1993-ից (Շվեդիայի ԶՈւ) ու առկա են եվրոպական մի քանի երկրների սպառազինության մեջ, ունեն մի քանի արդիականացում: Իսկ ամերիկյան Scorpion-ն իր առաջին թռիչքը կատարել է միայն 2013-ի դեկտեմբերին ու լրիվ «անփորձ» է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *