Հանրաքվե, որը հարվածեց Շվեյցարական զինուժի մարտունակությանը. բնակչությունը դեմ է Gripen կործանիչների գնմանը

Հայտնի են Շվեյցարիայում 2014-ի մայիսի 18-ին անցկացված համազգային հանրաքվեի արդյունքները, որով երկրի բնակչությունը պետք է որոշեր՝ համալրե՞լ ռազմաօդային ուժերը շվեդական Gripen E կործանիչներով, թե՞ ոչ։ Քվեարկողների 53.4 տոկոսը դեմ է արտահայտվել Gripen-ների գնմանը։ Այս մասին հայտնում է AinOnline ավիացիոն լրատվակայքը։

F/A-18 կործանիչներ. Շվեյցարիայի ՌՕՈւ

F/A-18 կործանիչներ. Շվեյցարիայի ՌՕՈւ

Պետք է նշել, որ սպառազինությանն առնչվող հարցերը հանրաքվեի դնելը բավական եզակի երևույթ է, ինչի համար Շվեյցարիայի իշխանությունները հավանաբար արդեն իսկ զղջում են։

Որպես ասվածի վկայություն տեղին է մեջբերել Շվեյցարիայի նախագահ Ուլի Մաուրերի հայտարարությունը, որով վերջինս հանդես եկավ հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո։ Նա նշեց, որ բնակչության այս քայլը բավական դժվար կացության մեջ դրեց երկիրը՝ զինված ուժերի մարտունակության աստիճանի առումով: Մաուրերը նաև հավելեց, որ իրենք կանեն ամեն ինչ՝ ստեղծված վիճակից դուրս գալու համար և առաջիկա ամիսներին հանդես կգան այլընտրանքային մի քանի ծրագրերով՝ ուղղված զինված ուժերի մարտունակության վերականգնմանը:

Իր հերթին, հանրաքվերի արդյունքների վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել Gripen Е կործանիչներն արտադրող շվեդական Saab ընկերությունը և հայտարարել է, որ հարգանք է տածում Շվեյցարիայի բնակչության ընտրության նկատմամբ, բայց միևնույն ժամանակ դեռևս չի բացառում, որ իրադարձությունների հետագա զարգացումը հնարավորություն կտա այդուհանդերձ մատակարարել Շվեյցարիային Gripen E կործանիչներ:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի կառավարությունը շվեդական 22 միավոր Gripen E կործանիչ գնելու որոշում էր կայացրել դեռևս 2012-ին, սակայն որոշ ժամանակ անց, քաղաքական մի շարք ուժեր սկսեցին պնդել, թե այդ կործանիչների գնումը չարդարացված և ավելորդ ծախս է երկրի բյուջեի համար: Ի վերջո՝ որոշվեց Gripen-ների գնման հարցը դնել համազգային հանրաքվեի:

Այստեղ կարևոր է նշել նաև մեկ այլ հանգամանք, որն ամբողջությամբ ի ցույց է դնում ռազմական և ռազմավարական հարցերի՝ հանրաքվեի միջոցով լուծելու որոշման անհեթեթությունը: Շվեյցարական օդուժի ավիապարկի հիմքը կազմում են 32 միավոր F/A-18 Hornet և 53 միավոր F-5 կործանիչները։ Վերջինս նախատեսվում է հանել շահագործումից 2016-ին ու հենց այդ բացը պետք է լրացնեին Gripen-ները: Արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը. կա շահագործումից թվով 53 կործանիչ հանելու որոշում, սակայն պարզ չէ, թե ինչի հաշվին է լրացվելու այդ բացը:

Ավելի մանրամասն նախապատմության մասին կարող եք կարդալ՝ Շվեյցարիան բացահայտել է F/A-18 Hornet կործանիչների դուրսգրման ժամանակացույցը. փոխարինողներ դեռևս չկան

One response to “Հանրաքվե, որը հարվածեց Շվեյցարական զինուժի մարտունակությանը. բնակչությունը դեմ է Gripen կործանիչների գնմանը

  1. Pingback: Շվեյցարիային առաջարկում են Gripen-ներից 7 անգամ էժան կործանիչներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *