Razm.info-ի տեղեկություններով, այս գիշեր ադրբեջանական կողմը ժամեր շարունակ գնդակոծել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերը: Մենք զրուցեցինք թշնամու դիրքերից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչների հետ՝ փորձելով որոշ մանրամասներ ճշտել:
— Ներքին Կարմիրաղբյուրի վրա սկսեցին կրակել գիշերը ժամը 23-ի կողմերը: Սկզբում 2-3 հատանոց աննշան կրակոցներ էին, մտածեցինք, որ շուտով կդադարի, քանի որ հազիվ լսելի էին: Բայց կեսգիշերի կողմերը կրակոցներն ավելի ակտիվացան ու տևեցին մինչև ժամը երեքը,— Razm.info-ի հետ զրույցում ասաց Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Զինա Իսրայելյանը: Պահ էր լինում, որ մի 5 րոպե դադար էին տալիս ու նորից սկսում կրակել:
— Օ՞դ էին կրակում, թե՞ հստակ թիրախների:
— Հարևաններն ասացին, որ Այգեպարում է վիճակը ծանր եղել: Այնտեղ նպատակադրված կրակել են տանիքների վրա, բայց տուժածներ, բարեբախտաբար, ոնց որ թե չկան: Անվտանգության համար գիշերը լույսերն անջատեցինք, գազերը փակեցինք, որ տունը թիրախ չդառնա: Իսկ Այգեպարում մարդիկ հիմնականում նկուղներում են եղել: Մեր գյուղը մոտ մեկ կիլոմետր հեռու է իրենց դիրքերից, իսկ մեր դիրքերն իրենց դիրքերից մոտ 300մ են հեռու: Մոտ այդքան էլ երևի Այգեպարն է հեռու ադրբեջանական դիրքերից:
— Նախկինում նման ուժգնության կրակոցներ հաճա՞խ էին լինում:
— Նախկինում էլ են եղել կրակոցներ, բայց խաղաղությունից հետո այսքան ինտեսիվ չեն կրակել,— ասաց գյուղի մեկ այլ բնակիչ Ռոզա Գալստյանը: — Տղամարդիկ ասում են, որ կրակում էին ԴՇԿ-ով ու ՊԿ-ով: Կրակոցներին ու դրանց ձայնին արդեն սովոր ենք, բայց անհանգստություն կա, որովհետև երեկվա նման կրակոցներ վաղուց չէին եղել: Հրադադարից հետո մեկ էլ երևի 2 տարի առաջ մարտին է կրակային նման ակտիվություն եղել:
— Կրակոցները հիմնականում ցերե՞կն են լինում, թե՞ գիշերը:
— Հիմնականում գիշերն են ակտիվանում: Սահմանին մոտ այգիներ կան, որ մշակում էինք մինչև անցած տարի, բայց այս տարի ընդհանրապես չենք կարողացել մոտենալ այգիներին, անընդհատ կրակել են: Առաջ անասունը մինչև սահման տանում էինք արածացնելու, բայց այս տարի սահմանին մոտ չենք գնացել,— ասաց Ռոզա Գալստյանը:
— Արդեն սովոր ենք, գիտենք որ պահին ինչ անենք: Օրինակ, եթե գիշերը տանից դուրս գայինք՝ մեզ էլ, հնարավոր է, որ փամփուշտը կպներ,— նշեց Զինա Իսրայելյանը: — Կրակոցների ժամանակ առաջին բանը, որ անում ենք՝ լույսն անջատելն է, որ տունը թիրախ չդառնա, գազն են փակում, պատուհանից հեռու ենք լինում, եթե մարդիկ ապահով տեղ ունեն՝ օրինակ՝ նկուղ, թաքնվում են այնտեղ: Փոքրերն էլ են արդեն կրակոցի ձայնին սովոր, բայց սթրես են ապրում, մոտները սրտխառնոց է առաջանում: Մի քանի կրակոց հետո սովորական է դառնում, բայց ենթագիտակցորեն շարունակում է ազդել, հետևանք ունենում է անշուշտ:
Ներքին Կարմիրաղբյուրի դիրքերում հիմնականում պայմանագրային զինծառայողներն են կանգնած: Մեր զրուցակիցները նշեցին, որ չեն պատրաստվում լքել իրենց տները և հավելեցին. «Վատն այն է, որ աջակցության փոխարեն միայն մեծ-մեծ խոսքեր ենք լսում: Ոչ մեկս էլ գյուղը չի թողնի, բայց պետք չէ իրավիճակը սրել»:
2 responses to “Գիշերը ադրբեջանցիները գնդակոծել են Ներքին Կարմիրաղբյուրը և Այգեպարը”