Ռուսական բանակը վերսկսել է Ս-300Վ համակարգերի գնումը

«Ալմազ-Անթեյ» կոնցեռի նախագահ Վլադիսլավ Մենշիկովը հարցազրույց է տվել «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը, կոնցեռնի տասնամյակի կապակցությամբ։ «Ալմազ-Անթեյ» կոնցեռնը ստեղծվել էր «Ալմազ» և «Անթեյ» գիտաարտադրական միավորումների հիման վրա։ Դրանցից առաջինում նախագծվում էին Ս-300Պ, իսկ երկրորդում՝ Ս-300Վ ընտանիքի զենիթահրթիռային համակարգերը։ Ս-300Պ ընտանիքը նախատեսված է խոշոր բնակավայրերի, արդյուանբերական կենտրոնների և այլ ստատիկ օբյեկտների, իսկ Ս-300Վ-ն՝ զորքերի հակաօդային պաշտպանության համար։

Միավորումից հետո, «Անթեյի» հեռանկարային նախագծերն անհիմն կերպով երկրորդ պլան էին մղվել, իսկ դրանց փոխարեն առաջ էր մղվում «Ալմազի» «Ս-400» նախագիծը։ Ս-400-ի ստեղծման ժամանակ կատարված չարաշահումների, գումարների մսխելու, համակարգի ունեցած լուրջ խնդիրների մասին ռուսական մամուլում մի շարք սկանդալային բացահայտումներ էին եղել, որոնք բոլորը կապված էին կոնցեռնի նախկին նախագահ Իգոր Աշուրբեյլու անվան հետ։ Արդյունքում Աշուրբեյլին հեռացվեց պաշտոնից։

Կոնցեռնի այժմյան նախագահն իր հարցազրույցում նշում է, որ Ս-300Պ-ն (իսկ Ս-400 համակարգը ըստ էության Ս-300Պ ընտանիքի ներկայացուցիչ է) և Ս-300Վ-ն չեն կարող իրար փոխարինել։ Նա նաև հիշեցրել է, որ մինչև 2020 թվականը սպառազինության գնումների ռուսական պետական ծրագրում վերջերս ներառվել էր նաև Ս-300Վ համակարգի (ավելի կոնկրետ՝ Ս-300Վ4 համակարգի) մեծ խմբաքանակի պատվեր։

Մենշիկովը նաև խոսում է ապագայի պլանների մասին։ Կոնցեռնը 3 նոր գործարան է կառուցում Նիժնի Նովգորոդում, Կիրովում և Սանկտ-Պետերբուրգում։ Ծրագրվում է նաև մինչև 2015 թվականն ավարտին հասցնել Ս-500 հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծմումը, սակայան, ըստ ռուս վերլուծաբանների այդ ժամկետները խիստ լավատեսական են: Մասնավորապես ռազմական մեկնաբան Իլյա Կրամնիկը կարծիք էր հայտնել, որ Ս-500-ի սերիական արտադրությունը կսկվի 2017 թվականից ոչ շուտ, իսկ սպառազինությունում համակարգը կհայտնվի 2018-2019 թվականներին։

Հավելենք, որ վերջերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերիյ Սեմերիկովը ՀՀ պաշտպանության նախարարությունում հայտարարել էր, որ առաջիկայում «Ալմազ-Անթեյի» և հայկակն կողմի միջև կնքվելու է համագործակցության պայմանագիր, իսկ նախկինում տեղեկություններ էին եղել նաև այն մասին, որ Հայաստանում արտադրվում են էլեկտրոնիկայի որոշ կոմպոնենտներ Ս-300-ի համակարգի համար։

Վլադիսլավ Մենշիկովի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *