«Գրպանի հրետանի». Իսրայելում նախագծել են հրետանային նոր կայանք

Իսրայելական Elbit Systems ընկերությունը սկսել է հատուկ նշանակության ստորաբաժանումների համար նախատեսված 120 մմ-անոց հրետանային նոր կայանքի փորձարկումները։ Spear անվանումը ստացած կայանքն իր փոքր զանգվածի և համեմատաբար փոքր չափերի համար պայմանականորեն անվանել են «գրպանի հրետանի»։ Այս մասին հայտնում է DefenseNews ռազմական լրատվակայքը։

120 մմ-անոց իսրայելական Spear հրետանային կայանք

120 մմ-անոց Spear հրետանային կայանք

Ինչպես նշվեց, նոր նախագծի կայանքը 120 մմ-անոց ավանդական հրետանային միջոցների համեմատ փոքր է իր զանգվածով և չափերով, ինչը հնարավորություն է տալիս տեղադրել այն զրահամեքենաների վրա։ Դրա շնորհիվ նախագծողները փորձել են ապահովել կայանքի շարժունակության և օպերատիվության բարձր աստիճան։

Համեմատության համար պետք է նշել, որ օրինակ ԱՄՆ բանակում օգտագործվող Cardom հրետանային կայանքը, որը նույնպես դասվում է թեթև հրետանու շարքին, կշռում է շուրջ 27 տոննա, մինչդեռ Spear-ի զանգվածն ընդամենը 2.5 տոննա է։ Իսկ առհասարակ, զրահատեխնիկայի վրա տեղադրված նման տրամաչափի հրետանու միջին զանգվածը գերազանցում է 100 տոննան։ Իսրայելցիներին հաջողվել է ստանալ նման զանգված՝ շնորհիվ կարճացված փողի և հետադարձ մեխանիզմում արված ձևափոխումների։ Վերջինիս շնորհիվ, ի դեպ, նվազել է նաև հետհարումը։

Թեև Spear-ը նոր մշակման կայանք է, այդուհանդերձ Elbit Systems-ում արդեն իսկ հրապարակել են մանրամասներ՝ մարտավարատեխնիկական առանցքային տվյալների վերաբերյալ։

Ըստ այդմ, արշավային երթից մինչև կրակ վարելու մեկնարկի համար անհրաժեշտ է ընդամենը 1 րոպե։ Կայանքը 1 րոպեում կարող է կրակել մինչև 16 արկ՝ մինչև 7 կմ հեռավորության վրա։ Այն կարող է կիրառվել նաև կրակի ավտոմատ կառավարման համակարգերի հետ փոխկապակցված, որի ընթացքում թիրախի կոորդինատների ըդունման, նշանառման և կրակի համար անհրաժեշտ ժամանակը չի գերազանցում 30 վայրկյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *