Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 22

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։ Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։

Ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին՝

17:35-Այս պահի դրությամբ իրավիճակը Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքներում հանգիստ է։ Այդ մասին հայտնում է Դոնեցիկի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը

17։10-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Մակովիչը հայտնել է, որ Ուկրաինայի ուժային կառույցների հարձակման հետևանքով Վոլնովախա քաղաքում զոհվել է ինքնապաշտպանական ուժերի շուջր 20 մարտիկ։ Կան նաև վիրավորներ, որոնց ստույգ թիվն առայժմ հայտնի չէ։

15:20-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության նահանգապետ Վալերի Բոլոտովը հայտնել է, որ շրջանում հայտարարված է լայնամասշտաբ զորահավաք։ Նա հավելել է, որ զինվորագրվելու ժամանող քաղաքացիների հոսքը բավական մեծ է։

13։25Լուգանսկում գիշերը մարտեր են եղել, որոնք շարունակվել են նաև առավոտյան։ Կորուստների մասին տվյալներ չեն հաղորդվում։

13։20 ” Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը Դոնեցկի Վոլնովախա բնակավայրի մոտ թեժ մարտեր են ընթացել ուկրաինական կողմի և ինքնապաշտպանական ուժերի մարտիկների միջև։ Ուկրաինական ՊՆ-ն հաստատել է, որ ունեցել է կորուստներ, սակայն, թե քանի հոգի է զոհվել, չի նշվում։ Ինքնապաշտպանական ուժերի կորուստների մասին ևս հստակ տվյալներ չկան։

13։00 ” Ինքնահռչակ «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը» հայտարարել է իր տարածքում ռազմական դրություն մտցնելու մասին։ Նախատեսվում է նաև համընդհանուր զորակոչ անցկացնել։

Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։ Հետագա օրերին ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ոչնչացնել ուկրաինական կողմին պատկանող զրահատեխնիկա։

Կիևի իշխանություններն այս գրոհից հետո շարունակում են փորձերը՝ վերահսկողություն սահմանելու ինքնապաշտպանական ուժերին անցած տարածքներում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների զգալի մասը։

Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։ 

Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։

Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։ Մայիսի 25-ին էլ նախանշված է Ուկրաինայի նախագահի ընտրությունը։

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *