Բրազիլիայի ՌՕՈւ-ն ստացել է հեռավոր հայտնաբերման արդիականացված ինքնաթիռը

Բրազիլիայի ռազմաօդային ուժերը 2014-ի մայիսին ստացել են հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման արդիականացված 5 միավոր E-99 ինքնաթիռներից առաջինը։ Արդիականացման՝ ընդհանուր առմամբ շուրջ 215 միլիոն ամերիկյան դոլար գնահատվող պայմանագիրը Բրազիլիան կնքել էր Embraer ընկերության հետ։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

Հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման E-99 ինքնաթիռ. Բրազիլիայի ՌՕՈւ

Հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման E-99 ինքնաթիռ. Բրազիլիայի ՌՕՈւ

Բրազիլիայի ռազմաօդային ուժերը E-99 ինքնաթիռի ռադիոտեղորոշիչ կայանի արդիականացման պատվերի պայմանագիրը կնքել էին 2013-ին։ Բոլոր 5 ինքնաթիռների մատակարարումը նախատեսվում է ավարտել մինչև 2017-ը։

Հարկ է նշել, որ ռադիոտեղորոշիչ կայանի արդիականացման աշխատանքների մի մասն իրականացնում է շվեդական ռազմական արդյունաբերության հսկա Saab ընկերությունը։ Իսկ ահա կառավարման համակարգերի կատարելագործմամբ ամբողջությամբ զբաղվում են հենց բրազիլացիները։

Հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման E-99 ինքաթիռը կառուցված է ուղևորատար Embraer ERJ145 օդանավի հիման վրա։ Ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 840 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը շուրջ 11 300 մետր է։ Մեկ լիցքավորմամբ E-99-ը կարող է անցնել մինչև 3 000 կմ։ Ինչ վերաբերում է ինքնաթիռի ռադիոտեղորոշիչ հնարավորություններին, ապա այն ունակ է տեսնել օդային թիրախները մինչև 450 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *