Զորային փորձարկումների ընթացքում ի հայտ եկած թերությունները վերացնելու ու նորից ներկայացնելու համար Ղազախստանն Ուկրաինային է վերադարձրել փորձնական ԲՏՌ-4 զրահափոխադրիչը, որը ղազախական կողմը փորձարկում էր սպառազինության ընդունելու համար:
Ղազախստանյան interfax.kz կայքի փոխանցմամբ՝ ուկրաինական արտադրության զրահափոխադրիչն անցել է փորձարկումները, սակայն Ղազախստանի զինվորականները մի շարք թերություններ են արձանագրել: Թերությունները վերացնելուց հետո Ուկրաինան նորից Ղազախստան կուղարկի զրահափոխադրիչը, որը փորձարկումները հաջողությամբ հաղթահարելու դեպքում կընդունվի Ղազախստանի զինված ուժերի սպառազինության մեջ:
Հիշեցնենք, որ Ղազախստանում անցկացված KADEX-2012 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ուկրաինական «Ուկրօբորոնպրոմ» ու ղազախստանյան «Կազախստան Ինժինիրինգ» ընկերությունները պայմանավորվել էին, որ Ղազախստանի զինված ուժերի կարիքների համար համատեղ արտադրելու են ուկրաինական ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ: Պայմանավորվածության համաձայն՝ ուկրաինական ընկերությունը տրամադրելու էր արտադրության համար անհրաժեշտ հոսքագծերն ու այլ տեխնիկա, ինչպես նաև ուսուցանելու էր անձնակազմերը:
Պայմանագրի արժեքը գնահատվում էր մոտ 150 մլն ամերիկյան դոլար: Նախատեսված էր, որ 2012-ին Ղազախստանում պիտի արտադրվեր 10 միավոր, իսկ 2013-ին՝ 90 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ:
Հիշեցնենք, որ ԲՏՌ-4 զրահափոխադրիչները, որոնք արտադրում է Ուկրաինան, նախատեսված են դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակով աջակցելու համար։ Զրահափոխադրիչներն արտադրվում են 2008-ից, իսկ սպառազինության վերցվել են 2011-ին։
Ներկայում 88 նման զրահափոխադրիչ առկա է նաև Իրաքի սպառազինության մեջ, սակայն Ուկրաինայի ու Իրաքի միջև կնքված պայմանագրից Իրաքը վերջերս հրաժարվեց՝ կիսատ թողնելով դրա կատարումը։ Իրաքն իր այս քայլը պատճառաբանեց նրանով, որ իրաքցի մասնագետները զրահափոխադրիչների վրա ճաքեր էին հայտնաբերել։ Ուկրաինական կողմը Իրաքի վերադարձրած զրահափոխադրիչները հետագայում հանձնեց ազգային գվարդիային:
ԲՏՌ-4 զրահափոխադրիչները զինված են 30 մմ ակոսավոր թնդանոթով, 7,62 մմ գնդացրով, ինչպես նաև «Բարյեր» հակատանկային կառավարվող հրթիռներով ու 30 մմ ԱԳՍ-17 ավտոմատ նռնականետով։ Զրահափոխադրիչի անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել 7 դեսանտային։ Այն լողում է, ունի 500 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով խճուղում զարգացնում է մինչև 110 կմ/ժ արագություն։