Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 20

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։ Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։

Ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին՝

Ինքնապաշտպանական ուժերի մարտիկներ. արևելյան Ուկրաինա

Ինքնապաշտպանական ուժերի մարտիկներ. արևելյան Ուկրաինա

14։50-Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է օրենք, որով երկրի արևելյան շրջաններում իրականացվող հակաահաբեկչական գործողություններում ներգրավված զինծառայողները կստանան պատերազմի վետերանի կարգավիճակ։

13:10-Ուկրաինայի ազգային գվարդիան հայտարարել է, որ գերությունից ազատվել է ազգային գվարդիայի՝ արևելյան օպերատիվ ուղղության հրամանատարի պաշտոնակատար, գնդապետ Յուրի Լեբեդը, ում առևանգել էին մայիսի 12-ին։ Առայժմ հայտնի չէ՝ բանակցությունների՞, փոխանակմա՞ն, թե՞ հատուկ գործողության արդյուքնում է հաջողվել ազատել նրան։

11։40-Համացանցում տարածված տեսանյութում երևում է Սլավյանսկի իշխող Կարաչունի բարձունքը, որտեղից կրակ է արձակվում, ինչպես նաև պայթյուններ են նկատվում։ Կարաչունը ներկայում ուկրաինական ուժայինների վերահսկողության ներքո է։ Տեսանյութը թվագրված է 2014 թվականի մայիսի 19-ով։

11։30-Ուկրաինացի հայտնի գործարար Ռինատ Ախմետովը կոչ է արել իր ընկերության՝ System Capital Management-ի աշխատակիցներին դուրս գալ «նախազգուշական ցույցերի»՝ ընդդեմ Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում արյունահեղության։ Ախմետով նշել է, թե քանի Ուկրաինայի հարավ-արևելքում չի հաստատվել խաղաղություն, յուրաքանչյուր օր տեղի ժամանակով 12։00-ին ազդանշան է հնչելու, ինչից հետո աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնելու։

Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։ Հետագա օրերին ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ոչնչացնել ուկրաինական կողմին պատկանող զրահատեխնիկա։

Կիևի իշխանություններն այս գրոհից հետո շարունակում են փորձերը՝ վերահսկողություն սահմանելու ինքնապաշտպանական ուժերին անցած տարածքներում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների զգալի մասը։

Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։ 

Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։

Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *