Մեկնարկել է ՌԴ-ի ու Չինաստանի համատեղ զորավարժությունը

Չինաստանում սկսվել են ռուս-չինական համատեղ «Ծովային փոխգործակցություն-2014» զորավարժությունները, որոնց ակտիվ փուլը կայանալու է մայիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում։ ՌԴ-ից մասնակցելու են Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռուսաստանյան ռազմանավերը։

ՌԴ ՌԾՈւ ռազմանավերը պատրաստվում են զորավարժությանը

ՌԴ ՌԾՈւ ռազմանավերը պատրաստվում են զորավարժությանը

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, ՌԴ-ի և Չինաստանի նավաստիները, համաձայն նախապես գրված սցենարի, համատեղ ուժերով փորձելու են ազատել պայմանական հակառակորդի կողմից առգրավված նավը՝ կատարելով որոնողոփրկարարական գործողություններ, հրթիռահրետանային հարվածներ արձակելով ծովային  և օդային թիրախներին։

Հավելենք, որ զորավարժության հանդիսավոր բացման արարողության ժամանակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քարտուղար Սի Ցզինպինը հայտարարել է՝ իրենք արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որ 2015-ին երկկողմ համատեղ մի շարք զորավարժություններ և ռազմական ոլորտին առնչվող միջոցառումներ են իրականացնելու։

Նկատենք, որ «Ծովային փոխգործակցությունն» արդեն երրորդ անգամ է անցկացվում։ 2013-ին այս վարժանքները կայացան հուլիս ամսին Ճապոնական ծովում, դրանց մասնակցեցին շուրջ 20-ական ռազմանավեր Չինաստանից և ՌԴ-ից։

Հիշեցնենք, որ ՌԴ-ի ու Չինաստանի համագործակցությունը վերջին շրջանում ավելի է խորանում։ Վերջին 20 տարվա ընթացքում ՌԴ-ն Չինաստանին է տրամադրել մեծ քանակի սպառազինություն, այդ թվում՝ Սու-27 կործանիչներ՝ դրանց տեղական արտադրության արտոնագրով, «Տոր», «Բուկ», «Տունգուսկա» ՀՕՊ համալիրներ, Ս-300 զենիթահրթիռային համակարգեր։

2013-ի մարտին ՌԴ-ն ու Չինաստանը կնքել են 24 միավոր Սու-35 ինքնաթիռների և «Լադա» դասի 4 միավոր սուզանավերի տրամադրման պայմանագիր։ Բացի այդ, Չինաստանը հետաքրքրված է Ս-400 ԶՀՀ-ներով, Իլ-76 բեռնատար, Իլ-78 լիցքավորող ինքնաթիռներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *