Մայիսի 20-ին Թաիլանդի զինված ուժերը երկրում ռազմական դրություն են հայտարարել՝ կապված ներքին լարված քաղաքական-հասարակական իրավիճակի հետ։
Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, ԶՈւ-ից մանրամասնել են՝ ռազմական դրությունն անհրաժեշտություն է ամիսներ տևած հակակառավարական ցույցերից հետո կարգուկանոն սահմանելու համար։ Սույն ցույցերին զոհ գնացին ավելի քան 28 հոգի։
Այնուհանդերձ, գործող իշխանությունների հետ զինված ուժերի հրամանատարությունը չի քննարկել ռազմական դրություն սահմանելու հարցը, ուստի լուրեր են շրջանառվում՝ սա կարող է սկիզբ դառնալ երկրում ռազմական հեղաշրջման համար։ ԶՈւ հրամանատարական կազմից էլ ի պատասխան մեջբերում են Թաիլանդի Սահմանադրությունը, որտեղ ասված է՝ բանակն իրավասու է սեփական նախաձեռնությամբ ռազմական դրություն սահմանել, եթե կա խիստ անհրաժեշտության խաղաղ բնակիչների անվտանգության ապահովման համար։
Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի նոյեմբերից Թաիլանդի ընդդիմադիր ուժերը կոչ են անում կառավարությանը հրաժարական տալ և ստեղծել ժամանակավոր Ժողովրդական խորհուրդ, որը կստանձնի կառավարության իրավասությունները։
2014-ի մայիսի 7-ին Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ վարչապետի պաշտոնակատար Իյինգլակ Չինավատը պետք է հեռանա պաշտոնից, քանի որ մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքը չարաշահելու համար։ Չինավատի համախոհներն էլ սպառնացել են քաղաքացիական պատերազմով, եթե կառավարության ղեկավար նշանակվի ընդդիմության առաջնորդներից որևէ մեկը։
Pingback: Թաիլանդում ռազմական հեղաշրջում է իրականացվել | Ռազմ.info