Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկ և Դոնեցկ շրջաններն անկախություն են հռչակել, որը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։ Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ հաջողությամբ շարունակում են դիմադրել։
Ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին՝
15:05-Լրատվամիջոցների՝ Դոնեցկի շրջանում աշխատող թղթակիցները հայտնում են, որ հրաձգություն է ընթանում քաղաքի օդանավակայանի մերձակայքում։
14։45-ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջել է ուժային գործողությունների դադարեցում Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում։ ՌԴ ԱԳՆ-ն իրականացվող հակաահաբեկչական գործողությունները որակել է Կիևի իշխանությունների երեսպաշտության հետևանք։
14։20-Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում պնդում է, թե Սլավյանսկում իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում ուժայիննրն ամբողջությամբ շրջափակել են քաղաքն ու վերահսկողություն են սահմանել դրա մատույցների նկատմամբ։
14:00-Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Լուգանսկում քաղաք մտնող ճանապարհներից մեկի անցակետը հսկող ինքնապաշտպանական ուժերը կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ, որը չի ենթարկվել «կանգնել» հրահանգին։ Միջադեպի հետևանքով զոհվել է վարորդը, իսկ մեքենայում գտնվող մյուս ուղևորը ծանր վիրավորվել է։
13։30-Զինված անհայտ անձինք մայիսի 17-ին գերությունից ազատել են Լուգանսկի «ժողովրդական նահանգապետ» Վալերիյ Բոլոտովին, որին ձերբակալել էին ուկրաինացի սահմանապահները «Դովժանսկիյ» սահմանային անցակետում։ Բոլոտովին ազատել են սկսված փոխհրաձգության արդյունքում, որին մասնակցել են շուրջ 100 ապստամբներ։ Կողմերը կիրառել են նաև ձեռքի նռնակներ ու նռնականետեր։ Զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում։ Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը։
13։17-Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը վերահաստատել է տեղեկությունը, համաձայն որի Լուգանսկում Ուկրաինայի ՆԳՆ և Անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Հարավ-Արևելքի բանակի» հրամանատարներից մեկին՝ Ալեքսեյ Ռելկեին։ Ձերբակալվածին տարել են Կիև։ Նրան մեղադրում են դիվերսիոն գործողությունների և իշխանության տապալման փորձի համար։ Ավակովը նրան բնութագրել է որպես «արմատական ահաբեկիչ»։
13։15”Սլավյանսկում ապրիլի 16-ի լույս 17-ին մարտեր են ընթացել ուկրաինական ուժային կառույցների և ինքնապաշտպանական ուժերի անդամների միջև։ Նշվում է, որ գործի է դրվել հրետանի, զրահատեխնիկա։ Մարտերի ընթացքում վիրավորվել է Ալեքսանդր Մոժաևը, ով հայտնի է «Բաբայ» կեղծանունով, իսկ նրա լուսանկարներն ակտիվ տարածվում են համացանցով։
Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։ Հետագա օրերին ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ոչնչացնել ուկրաինական կողմին պատկանող զրահատեխնիկա։
Կիևի իշխանություններն այս գրոհից հետո շարունակում են փորձերը՝ վերահսկողություն սահմանելու ինքնապաշտպանական ուժերին անցած տարածքներում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների զգալի մասը։
Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։
Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն ինչըԿիև իշխանությունները չեն ճանաչել։
Գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։
Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։