Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 16-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Ժակ Ֆորին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Արցախի հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով այս տարվա փետրվարի 5-ի հանդիպումից ի վեր զարգացումները: Պաշտպանության նախարարը ներկայացրեց շփման գծում տեղի ունեցած հիմնական պատահարները, ինչպես նաև լարվածության թուլացման և փոխվստահության հաստատման հեռանկարների մասին իր նկատառումները:
Սեյրան Օհանյանը, կարևորելով Մինսկի խմբի համանախագահների հետ արդեն ավանդույթ դարձած հանդիպումները, ավելացրեց, որ հակամարտության կարգավորման շուրջ ցանկացած քաղաքական որոշում պետք է ամրապնդված լինի ռազմական ոլորտի հիմնավորված մասնագիտական ու փորձագիտական եզրակացություններով:
Հանդիպման ընթացքում դեսպան Ժակ Ֆորը, որպես իրեն փոխարինող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, ներկայացրեց Պիեռ Անդիոյին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Pingback: Զաքիր Հասանովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին | Ռազմ.info