Լեհաստանը Գերմանիայից ստացավ Լեոպարդ տանկերի առաջին խմբաքանակը

Գերմանիայի ու Լեհաստանի միջև կնքված պայմանագրով նախատեսված 119 տանկերից լեհական կողմը ստացավ Լեոպարդ-2Ա5 տանկերի առաջին 11-միավորանոց խմբաքանակը։ Տանկերը, որոնք մինչ այդ կիրառվել են Գերմանիայի զինված ուժերում, ըստ ռուսաստանյան «Ռազմավարության ու տեխնոլոգիայի ուսումնասիրման կենտրոնի» բլոգի, գերմանական կողմը երկաթուղով հասցրել է Լեհաստանի՝ Գերմանիային սահմանակից Ժագան քաղաք։

Լեհաստանի՝ Գերմանիայից ստացած Լեոպարդ-2Ա5 տանկերից երկուսը

Լեհաստանի՝ Գերմանիայից ստացած Լեոպարդ-2Ա5 տանկերից երկուսը

Նախատեսված է, որ մինչև 2014-ի հունիսի վերջ գերմանական կողմը Լեհաստանին կհանձնի ևս 38 միավոր Լեոպարդ-2Ա5 տանկեր, իսկ մինչև 2014-ի ավարտը՝ 28 միավոր Լեոպարդ-2Ա5 ու 14 միավոր Լեոպարդ-2Ա4 տանկեր։ Պայմանագրով նախատեսված մյուս 28 միավոր Լեոպարդ-2Ա5 տանկերն ու այլ սպառազինությունը Գերմանիան Լեհաստանին կհանձնի 2015-ին։

Հիշեցնենք, որ 119 միավոր Լեոպարդ-2Ա4/Ա5 օգտագործված տանկերի գնման մասին պայմանագիրը Գերմանիան ու Լեհաստանը կնքել են 2013-ի նոյեմբերին։ Ըստ պայմանագրի՝ Գերմանիան Լեհաստանին պիտի փոխանցի 105 միավոր Լեոպարդ-2Ա5 ու 14 միավոր Լեոպարդ-2Ա4 տանկեր, որոնք նախկինում օգտագործվել են գերմանական զինված ուժերի կողմից։ Բացի հիմնական մարտական տանկերից, պայմանագիրը ներառում է նաև 18 միավոր BpZ 2 (Bergepanzer 2) զրահապատ նորոգման-տարհանման մեքենաներ, շուրջ 200 միավոր այդ թվում՝ զրահատեխնիկան տեղափոխող ավտոմեքենաներ, զրահատեխնիկային կից սարքավորումներ, ռադիոտեղորոշման համակարգեր, գնդացիրներ և այլն։ Պայմանագրի արժեքը շուրջ 244 մլն ԱՄՆ դոլար է։

Լեհաստանի պաշտպանության նախարարի հավաստմամբ գնված տանկերը արդիականացման կարիք չունեն ու չեն էլ ունենա առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Լեհական կողմը նախատեսում է ցամաքային զորքերի զրահատանկային զորքերում «առաջին ջութակի» դերը տալ հենց Լեոպարդ-2 տանկերին։

Ներկայումս լեհական զինված ուժերում կա 128 միավոր Լեոպարդ-2Ա4, որոնցից 12-ն օգտագործվում է ուսումնական նպատակներով։ Այս տանկերը 2002-2003 թվականներին Լեհաստանը, կարելի է ասել, նվեր է ստացել Գերմանիայից, քանի որ փոխանցման պայմանագրով նախատեսված էր, որ լեհական կողմը վճարելու է միայն տանկերի տեղափոխման ծախսերը։ Նույն պայմանագրով Լեհաստանը ստացել է նաև 10 միավոր BpZ 2 զրահապատ նորոգման-տարհանման մեքենաներ։

Բացի այդ, լեհական սպառազինության մեջ կան նաև 232 միավոր լեհական PT-91 Twardy (Թվորդի) ու 584 միավոր խորհրդային Տ-72 տանկեր, որոնց մի մասը նախատեսվում է առաջիկա տարիներին հանել սպառազինությունից, իսկ մնացածն էլ արդիականացնել:

Նշենք նաև, որ հոկտեմբերին Լեհաստանի զինված ուժերն իր սպառազինության Լեոպարդ-2Ա4 տանկերի արդիականացման մրցույթ էր հայտարարել։ Ըստ մրցույթի պայմանների՝ տանկերը պիտի հասցվեին Լեոպարդ-2ՊԼ մակարդակի։ Սակայն «2ՊԼ» մակարդակի մանրամասները չեն հայտարարվել։ Նախատեսվում է, որ արդիականացված տանկերը 2014-ին կհանձնվեն զինված ուժերին, իսկ ծրագիրը կավարտվի 2019-ին։ Տանկերի արդիականացման վրա Լեհաստանը նախատեսում է ծախսել շուրջ 650 մլն ԱՄՆ դոլար։

Լեոպարդ-2 տանկերը նախագծվել են Գերմանիայում ու արտադրվում են 1979-ից։ Տանկի սպառազինության մեջ մտնում են 120 մմ հարթափող թնդանոթն ու մեկական թնդանոթին կցված ու զենիթային 7,62 մմ գնդացիրները։ Անձնակազմի քանակը 4 հոգի է։ Տանկի առավելագույն արագությունը շուրջ 70 կմ/ժ է, շարժիչի հզորությունը՝ 1500 ձիաուժ։ Ներկայումս Լեոպարդ-2 տանկերով զինված են աշխարհի 17 պետությունների զինված ուժեր։ Տանկի մեկ միավորի գինը շուրջ 5,7 մլն ԱՄՆ դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *