Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա մայիսի 13-ի կեսօրին ակտիվ մարտեր են ծավալվել ուկրաինական ուժային կառույցների և տեղի ինքնապաշտպանական ուժերի միջև։ Այս մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցների՝ դեպքի վայրում աշխատող թղթակիցները։
Ինքնապաշտպանական ուժերը դարանից հարձակվել են Ուկրաինայի զինված ուժերի՝ նախնական տվյալներով 95-րդ աերոմոբիլ բրիգադի ստորաբաժանման շարասյան վրա ու ոչնչացրել զրահապատ փոխադրիչ, ինչպես նաև զինամթերք տեղափոխող 1 բեռնատար։
Զոհերի և զինտեխնիկայի կորստի մասին տվյալներն այս պահին բավական իրարամերժ են։ Նշենք, սակայն, որ գրեթե բոլոր աղբյուրները նշում են՝ երկու կողմից էլ կան զոհեր ու վիրավորներ։
Միջադեպի վերաբերյալ տեղեկություն է տարածել նաև ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը։ Վերջինս հայտնել է, որ իրականացված գործողության արդյունքում Ուկրաինայի ուժայինները կորցրել են 2 զրահափոխադրիչ և 2 բեռնատար, որոնցից մեկի թափքում եղել է հետևակ, իսկ մյուսում՝ զինամթերք։ Անդրադառնալով սեփական կորուստներին՝ Ստրելկովը հայտնել է միայն 1 զոհվածի և 1 վիրավորի մասին։
Իր հերթին, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ ու հայտնել, որ ինքնապաշտպանական ուժերի հետ բախման հետևանքով զոհվել է զինված ուժերի 6 զինծառայող, ևս 8-ը վիրավոր են։
Ուկրաինայի արևելքում ծավալվող իրադարձություններին օպերատիվ տեղեկանալու համար կարող եք հետևել Ռազմինֆոյի թարմացվող լրահոսին։
Pingback: Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 13 | Ռազմ.info