Bild.de. Ուկրաինայի արևելքում 400 ամերիկացի վարձկան է գործում

Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվող բախումներում ուկրաինական կողմից մասնակցում են նաև ամերիկյան «Աքադեմի» ռազմական մասնավոր ընկերության 400 մարտիկ։ Այդ մասին հայտնել է գերմանական «Բիլդ ամ Սոնթագ» թերթը։

Ըստ թերթի տվյալների՝ Գերմանիայի Դաշնային հետախուզության ծառայությունը հայտնել է այդ մասին երկրի կառավարությանը դեռ ապրիլի 29-ին։

Ուկրաինական ճգնաժամում ամերիկյան ռազմական մասնավոր ընկերներությունների (ՌՄԸ) մասնակցության մասին հայտարարել էր ՌԴ արտգործնախարարությունը դեռ ապրիլի 8-ին, սակայն ԱԳՆ հայտարարությունում հիշատակված «Գրեյսթոուն» ՌՄԸ ներկայացուցիչները հերքել էին այդ տեղեկությունները։

Մինչ այդ էլ՝ մարտի սկզբներից տարբեր թե´ ռուսաստանյան, թե´ արևմտյան լրատվամիջոցներում քննարկվում էր ամերիկյան «Աքադեմի» (նախկին «Բլեքուոթեր») ընկերության մարտիկների մասնակցությունը Ուկրաինայում իրադարձություններին (օրինակ)։ Ավելի ուշ «Աքադեմին» նույնպես պաշտոնապես հերքեց, որ իր մարտիկները տեղակայված են Ուկրաինայում, թեպետ հերքման մեջ շեշտն ավելի շատ դրված էր այն բանի վրա, որ «Աքադեմին» այժմ կապ չունի նախկին «Բլեքուոթերի» ղեկավարության հետ։

Տխրահռչակ «Բլեքուոթեր» ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին.։ ԱՄՆ կառավարության պատվերներով այն գործել է Իրաքում, Աֆղանստանում և նույնիսկ հենց Միացյալ Նահանգների տարածքում՝ Նյու Օրլեանում 2005 թվականին «Կատրինա» փոթորկի առաջացրած ջրհեղեղի ժամանակ։

2007 թվականին «Բլեքուոթերը» հայտնի դարձավ, երբ ընկերության մարտիկները Բաղդադում սպանեցին 17 և վիրավորեցին 20 անցորդի։ Փորձելով խուսափել ՌՄԸ վատ համբավից` ընկերության հիմնադիր Էրիկ Փրինսը 2009-ին. վերանվանեց այն «Xe Services», այնուհետև 2010-ին վաճառեց ընկերությունը։ Ընկերության նոր սեփականատերերը վերանվանեցին այն ևս մեկ անգամ՝ տալով «Academi» անունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *