Ռուսաստանի զինված ուժերի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի տեղակայման վայրերում նախատեսվում է 2014-ին բացազատել ռադիոէլեկտրոնային պայքարի Սվետ-ՎՍԳ նորագույն համալիրներ։ Այս մասին Ինտերֆաքս լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Եգորովը։
Նորագույն համալիրի հետ աշխատելու հմտություններ ձեռք բերելու նպատակով զորատեսակի մի շարք սպաներ ներկայումս անցնում են վերապատրաստում՝ Ռուսաստանի Տոմբով քաղաքում տեղակայված ՌԷՊ մասնագետների ուսուցման տարածաշրջանային կենտրոնում։
Եգորովի խոսքերով, ի տարբերություն իր նախորդների՝ Սվես-ՎՍԳ (ռուս.՝ Свет-ВСГ) համալիրն ունակ է իրականացնել բարձր և գերբարձր հաճախականություններում առկա ռադիոէլեկտրոնային ակտիվության վերահսկում։
Նախկինում ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի ստորաբաժանումների ռադիոէլեկտրոնային ապահովումն իրականացնում էին Ձյուդոյիստ և Լորանդիտ (ռուս.՝ Дзюдоист, Лорандит) ՌԷՊ համալիրները, որոնք ՌԴ զինված ուժերում սպառազինության են ընդունել 2012-ից։ Դրանք նախատեսված են ռադիո և ռադիոտեխնիկական հետախուզության, ռադիոճնշման ու թիրախների ռադիոտեղորոշման իրականացման համար։
Այս համալիրների իրականացրած գործառույթների մասին խոսելիս հարկ է նկատել, որ ՌԷՊ զորքերի առջև դրված ավանդական խնդիրներից բացի, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հետ փոխգործակցության շրջանակներում դրանք իրականացնում են նաև ռազմական կարևորագույն օբյեկտներից՝ ռադիոհաճախականությունների միջոցով տեղեկատվության արտահոսքի հայտնաբերում և դրա կանխարգելում։
Ինչ վերաբերում է Սվետ-ՎՍԳ-ին, ապա նշենք, որ այն իր գործառույթների շրջանակներով մնացել է նույնը, սակայն զգալիորեն կատարելագործվել է համալիրի աշխատանքի օպերատիվության աստիճանը՝ շնորհիվ մի շարք համակարգերի ավտոմատացման։