Մայիսի 6-ին Աֆղանստանի Հիլմենդ նահանգից Վրաստան են վերադարձել այնտեղ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող 151 վրացի զինծառայողները։
Վրացական զորախմբի գլխավոր առաջադրանքը տեղի բնակչության և շարժական կայանների անվտանգության ապահովումն է եղել։ Նրանք Աֆղանստանում ծառայել են շուրջ 7 ամիս։ Զինծառայողներին Վրաստանի օդանավակայաններից մեկում դիմավորել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Գեորգի Կբիլցեցխլաշվիլին։
Նշենք, որ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնողների հերթափոխն իրականացվում է փուլերով։ Դեռևս մայիսի 4-ին հայրենիք են վերադարձել շուրջ 300 զինծառայող։
Մինչև այդ՝ ապրիլի 22-ին Քաբուլից Վրաստան էր վերադարձել Առաջին հետևակային բրիգադի 13-րդ գումարտակի ուժեղացված զորախումբը, որը ծառայում էր Ֆենիքս ռազմաբազայում։
Բացի Քաբուլից, վրացիները 6 ամսվա ընթացքում ամերիկյան զորախմբի կազմում խաղաղապահ առաքելություն կիրականացնեն նաև Կանդագար նահանգում։
Վրացի խաղաղապահներն Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում 2009 թվականից, ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։
Ներկայումս Աֆղանստանում ծառայում է 1500 վրացի։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրացի զինծառայողների ռոտացիա։