Ֆրանսիայում «թռչող» մեքենա են փորձարկում

Ֆրանսիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները սկսել են ֆրանսիական Vaylon ընկերության պատրաստած Pegasus «թռչող» մեքենայի փորձարկումները: Փորձարկումները հաջող անցնելուց հետո այն կարող է ընդունվել սպառազինության ու ուղարկվել հատուկ նշանակության ստորաբաժանումներին, ինչի մասին հայտնում է defensenews.com կայքը:

Ֆրանսիական Pegasus թռչող մեքենան

Ֆրանսիական Pegasus թռչող մեքենան

Մեքենան երկտեղանոց է, կարողանում է զագացնել մինչև 100 կմ/ժ արագություն, իսկ խոչընդոտների հանդիպելիս փոքր զանգվածի շնորհիվ կարող է բացել պարաշյուտն ու օդով հաղթահարել դրանք 60-ից 80 կմ/ժ արագությամբ: Թռիչքի համար մեքենային անհրաժեշտ է 50-ից 100 մետր բաց տարածություն, որից հետո այն կարող է հաղթահարել մինչև 10 կմ հեռավորություն՝ թռիչքի 3 կմ առավելագույն բարձրությամբ:

Շնորհիվ թեթև զանգվածի ու թռչելու ունակության՝ մեքենան բավական անաղմուկ է, ինչի արդյունքում գրավել է Ֆրանսիայի ԶՈւ հատուկ ստորաբաժանումների ուշադրությունը: Այժմ փորձարկումների մեջ է մեքենայի երկրորդ նախատիպը, որի հաջողության դեպքում նախագծողները մտադիր են մեքենայի վրա տեղադրել նաև սպառազինություն, մասնավորապես գնդացիր կամ հրթիռներ՝ 200-ից 300 կգ ընդհանուր զանգվածով:

Ենթադրվում է, որ Pegasus-ի առաջին սերիական օրինակները պատրաստ կլինեն արդեն 2015-ին, դրանց գինը գնահատվում է մոտավոր 140 հազար ամերիկյան դոլար:

Նշենք, որ Ֆրանսիայի զինված ուժերը դեռևս 2013-ի դեկտեմբերին հայտարարել էր նման «թռչող» մեքենաների նախագծման ու պատրաստման մրցույթ, որի համար հատկացրել էր 260 հազար ամերիկյան դոլար: Պատճառն այն է, որ հատուկ գործողությունների ժամանակ ֆրանսիական զինված ուժերի ուղղաթիռները չեն բավարարում պահանջներին ու շատ են աղմկում, ինչը զգուշացնում է հակառակորդին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *