Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Իսրայելի արտգործնախարարին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը 2014-ի մայիսի 2-ին ընդունել է Իսրայելից ժամանած պատվիրակությանը՝ արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության կայքը։

Հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն, ինչպես նաև փոխանակել մտքեր՝ ադրբեջանա-իսրայելական երկկողմ համագործակցության խորացման շուրջ։

Պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում Զաքիր Հասանովն ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև արցախյան հիմնախնդրին։ Ադրբեջանում Իսրայելի դեսպան, Ռաֆայել Հարփազը ևս մասնակցել է ՊՆ-ում կայացած ընդունելությանը։

Հիշեցնենք, որ ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի և Իսրայելի միջև դրված է բավական խորը հիմքերի վրա։ Անցնող տասնամյակում Իսրայելը սպառազինության տարատեսակ նմուշներ է մատակարարել Ադրբեջանին, իսկ որպես ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության ամենանշանավոր օրինակ թերևս պետք է առանձնացնել իսրայելական Orbiter-2M անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության հիմնումն Ադրբեջանում՝ 2011-ի գարնանը։

Կարդացեք նաև՝ Իսրայելական Օրբիտեր անօդաչու թռչող սարքը՝ ադրբեջանական քարոզչության միջոց

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *