«Ղալաթ են անում նման բան ասողները. բոլորը հավատքով էին գնում». Պարգև Սրբազան

Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը Razm.info-ի հետ զրույցում անդրադարձավ Զինված ուժերում հոգևոր սպասավորությանը և Արցախյան ազատամարտին:

—Պատմությունից գիտենք, որ դեռ հին ժամանակներից ամեն գունդ իր հոգևոր երեցն է ունեցել: Բացառություն չէր նաև Արցախյան ազատամարտը: 1992թ. ապրիլի 25-ին Տեր Գրիգորին թեմական սահմաններում նշանակեցինք Արցախի բանակի հոգևոր առաջնորդ: Պատերազմի առաջին տարիներից մենք մեր բանակի հետ էինք: Պատերազմից հետո հաստատվեց այդ ինստիտուտը, որ հոգևորականները պետք է ծառայեն որպես հոգևոր հայրեր: Այսօր ունենք հոգևորականներ, ովքեր 25-30 տարի նույն զորամասում պետք է ծառայեն,- նշեց Պարգև Սրբազանը:

—Իսկ բոլո՞ր զորամասերն ունեն իրենց հոգևորականները:

—Առայժմ ԼՂ ՊԲ-ում ծառայող ինը հոգևորական ունենք, այդ թվում՝ աբեղա և սարկավագներ: Սակայն նպատակ ունենք նրանց թիվն ավելացնել: Արդեն նշեցի, որ Արցախյան ազատամարտի ժամանակ զինվորի կողքին էր նաև հոգևորականը: Ազատամարտիկները խաչերով էին գնում մարտի, իսկ ում խաչ չէր հասնում՝  շորերի վրա խաչ էին ներկում:

—Ոմանք ասում են, որ Արցախյան ազատամարտը հաղթեց մի ժողովուրդ, որը տասնամյակներ շարունակ աթեիզմ էր սերտել և այն քրիստոնյաների հաղթանակը չէր:

—«Ղալաթ» են անում նման բան ասողները: Բոլորը հավատքով էին գնում, մարտադաշտ գնալուց առաջ մկրտվում էին: Ասում էին. «Հանկարծ զոհվեմ ու անկնունք զոհվեմ, ես որպես քրիստոնյա զինվոր պետք է զոհվեմ»: Ի՞նչ աթեիստ, ընդհակառակը, պետք է տեսնեիք, թե զինվորներն ինչ հրաշքներ էին պատմում, թե մարտի ընթացքում ոնց են զգացել Աստծո ձեռքը: Օրինակները մեկը չէին, երկուսը չէին՝  տասնյակ-հարյուրներով էին: Ազատամարտիկը նետվում էր մարտի դաշտ՝ սրբությունը փրկելու համար: Դա հավատքի մասին չի՞ խոսում: Աթեիստների մասին տեսակետը կատարյալ հիմարություն է:

—Անձամբ շփվու՞մ եք զինվորների հետ:

—Իհարկե շփվում եմ:Առաջին գծում նայում ես մեր զինվորներին ու տեսնում, որ շատ ձիգ, պինդ, համարձակ տղաներ են, լավ էլ գիտակցում են՝ ուր են գնում, ինչ են անում: Ինքներդ գնացեք դիրքեր ու կտեսնեք՝ ինչ տղաներ ունենք: Մեկ-մեկ քննադատություններ եմ լսում, բայց փնովելու փոխարեն պետք է ճիշտ ուղին ցույց տալ:

— Հոգևորականի առկայությունն ի՞նչ կարող է տալ բանակին:

—Հոգևորականը հավատք է քարոզում, փորձում է բարոյական մակարդակը բարձրացնել, կապում է ազգայինի, բարոյականի հետ, հոգևոր լիցք է տալիս զինծառայողներին և հարաբերություններում քաղաքավարի, եղբայրասեր լինելու կոչ է անում: Բացի այդ, հոգևորականն իր ներկայությամբ բարոյական զսպանակ է դառնում՝ նրա մոտ կռիվ չեն անում, չեն հայհոյում, բարձր չեն խոսում: Զինվորը բանակում ձեռք բերած հոգևոր գիտելիքները տանում է իր տուն, իր գյուղ ու տարածում: Դեռ շատ անելիքներ ունենք, հոգևորականների թիվը պետք է ավելացնենք, որը ժամանակի հարց է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *